2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1 մլրդ 931 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Նվազումը պայմանավորված է երկրորդ եռամսյակի արդյունքներով։ Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ ապրիլ-հունիս ամիսներին երկիրը զբոսաշրջությունից ստացել է 1 մլրդ 101 մլն դոլարի եկամուտ, ինչը տարեկան կտրվածքով 3.8%-ով պակաս է։
Զբոսաշրջային եկամուտների ամենամեծ ծավալը, ավանդույթի համաձայն, ապահովել են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները։ Հունվար-հունիս ամիսներին նրանք Վրաստանի տնտեսությանը բերել են 307.1 մլն դոլարի եկամուտ։
2026 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտների ծավալով առաջատար 5 երկրներն են՝
• Ռուսաստանը՝ 307.1 մլն դոլար (-0.23%)
• Թուրքիան՝255 մլն դոլար (-1.35%)
• Իսրայելը՝ 222.7 մլն դոլար (-8%)
• Ադրբեջանը՝ 107.6 մլն դոլար (+5%)
• Ուկրաինան՝ 99 մլն դոլար (+42%)
Եվրամիության երկրներից ժամանած զբոսաշրջիկներից ստացված եկամուտներն աճել են։ Տարվա առաջին վեց ամիսներին դրանք կազմել են 335.6 մլն դոլար, ինչը 58.6 մլն դոլարով կամ 21%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Համեմատության համար՝ առաջին կիսամյակում Վրաստան միջազգային այցելությունների թիվը նվազել է 2.7%-ով՝ կազմելով 2 734 504։ Ամենաէական անկումը գրանցվել է Իրանից ժամանած այցելուների շրջանում՝ գրեթե 49%-ով։