«Ծա-ռուկ-յան, Ծա-ռուկ-յան», «Ազատություն Ծառուկյանին»․ աջակիցները՝ Գագիկ Ծառուկյանին՝ Քննչական կոմիտեի բակում

Այսօր Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին Քննչական կոմիտե։ Ոստիկանության մեքենայից, երբ նա դուրս եկավ, Քննչական կոմիտեի բակում հավաքված աջակիցները վանկարկում էին՝ «Ծա-ռուկ-յան, Ծա-ռուկ-յան», «Ազատություն Ծառուկյանին»։ Ոստիկանները Գագիկ Ծառուկյանին ուղեկցեցին Քննչական կոմիտեի շենք։ Նրանք թույլ չտվեցին զրուցել լրագրողների և աջակիցների հետ։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները երեկ տեղեկացրել էին, որ այսօր Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը և առերեսումը Իրանի քաղաքացու հետ կշարունակվի։ Պաշտպանները երեկ նաև հայտնել էին․ «Տեսնենք՝ վաղը ոնց կընթանա։ Այսինքն՝ վաղը կամ կշարունակվի նույն անձի հետ, իսկ ըստ օրենքի պետք է շարունակվի, որովհետև մենք նշել ենք, որ լրացուցիչ հարցեր ունենք, որոնք չենք սպառել։ Ուղղակի ժամային առումով սրանից ավել չէր թույլատրվում։ Հնարավոր է նաև այլ անձի հետ առերեսում տեղի ունենա՝ նույն անձի կամ հայրը, կամ եղբայրը, որոնք ևս տուժող են ճանաչված»։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը, դիմելով Քննչական կոմիտեի բակում հավաքված աջակիցներին, հայտարարեց․ «Այն, ինչ տեսնում ենք, դատական առումով քաղաքական հետապնդում է։ Ընդ որում, նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը տվյալների, որոնք զետեղված են մամուլում՝ կապված քրեական գործի հետ, ցույց են տալիս պարզ մի իրողություն։ Այդ տրամաբանության ներքո Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ պետք է լինի, այլ տուժող։ Իրանում այս գործի շրջանակներում իրավական գործընթացներ էին տեղի ունեցել, իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել հանցագործություն։ Այս պարագայում ոչ մի իրավական հիմք չկա։ Մենք այստեղ ենք, եղել ենք, կանք, կլինենք պարոն Ծառուկյանի կողքին։ Լինում է, որ արդարությունը հապաղում է, բայց միշտ վերջում գալիս է»։

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ամբողջությամբ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment