Պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը գրել է.
«ԱՄՆ պաշտոնական տվյալներով` 2026թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՄՆ բնակչության թվաքանակը հասել է 342.62 միլիոնի։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհում երրորդ պետությունը` զիջելով միայն միլիարդանոց Հնդկաստանին և Չինաստանին։ ԱՄՆ-ն հայտնվել է երրորդ հորիզոնականում 1991թ. դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվել է բնակչության թվաքանակով այդ ժամանակվա երրորդ պետությունը` ԽՍՀՄ-ը։ Վերջին տարիներին ԱՄՆ բնակչության բնական աճը կտրուկ նվազում է` իր հետ բերելով մի շարք հետևանքներ։
2008թ. սկսած` կնոջ պտղաբերության գործակիցը շարունակաբար նվազում է` 2025թ. գրանցելով հակառեկորդ (1.583)։ Նվազել է նաև ծնելիության գործակիցը` նույնպես գրանցելով հակառեկորդ (10.6)։ Թեև ծնունդների բացարձակ թվաքանակը կայուն է վերջին վեց տարիներին (տարեկան միջինը` շուրջ 3.6 մլն), սակայն այդ ցուցանիշի վտանգավորությունը հնարավոր է հասկանալ, եթե նկատի ունենանք, որ աշխարհի թիվ մեկ տնտեսությունն ունեցող երկրում նույնքան ծնունդներ գրանցվել են այն ժամանակ, երբ բնակչության թվաքանակը կրկնակի նվազ էր (օրինակ` 1948թ. 146.631 մլն բնակչության պարագայում գրանցվել է 3.637 մլն ծնունդ, 1966թ.` 196.56 մլն բնակչություն և 3.606 մլն ծնունդ, 1980թ.` 227.225 մլն բնակչություն և 3.612 մլն ծնունդ)։ Դրան գումարվում է նաև այն փաստը, որ վերջին վեց տարիներին աճել է մահացությունը` 2020-2021 և 2022-2025թթ. գերազանցելով համապատասխանաբար 10 և 9 գործակիցները (9 գործակիցը վերջին անգամ եղել էր 1974թ., իսկ 10` 1947թ.)։ ԱՄՆ-ում 3 մլն և ավելի երեխայի ծնունդ գրանցվել է առաջին անգամ 1943թ., իսկ 4 մլն և ավելի` 1954 թ., մինչդեռ 2 մլն և ավելի մահ գրանցվել է առաջին անգամ 1983թ., իսկ 3 մլն և ավելի` 2020թ.։ 1946-1964 և 1990թթ. բնակչության բնական հավելաճը գերազանցել է 2 միլիոնը, իսկ 1965-1989 և 1991-2017թթ.՝ 1 միլիոնը, մինչդեռ ութ տարի անընդմեջ ծնելիության ցուցանիշը չի հատում միլիոնի շեմը, ընդ որում` 2020-2022թթ. չի հասել նույնիսկ կես միլիոնի։
Այս ամենով հանդերձ` 2025թ. բնակչության թվաքանակն աճել է 1.781 միլիոնով, և այդ աճից միայն 511 հազարն է բնակչության բնական հավելաճը, իսկ մնացածը միգրացիայի արդյունքում է։ Աճել է կյանքի միջին տևողությունը` հատելով 79-ի սահմանը, որը, այդուհանդերձ, երկու և կես տարով զիջում է ԵՄ ցուցանիշին։
Մանկամահացության ցուցանիշը ևս բարելավվել է` գրանցելով պատմականորեն ամենացածր գործակիցը` 5.4։ Այս դրական բացառությունները, սակայն, միայն մասամբ են սփոփում այն բացասական միտումները, որ նշվել են վերևում, ընդ որում` միգրացիայի դրական մնացորդը ևս երկու և կես անգամ 2025թ. նախորդ տարվա համեմատ նվազել է, և այդ միտումը պահպանվում է նաև այս տարի։
ԱՄՆ բնակչության թվաքանակը, Միքայել Մալխասյան»։