«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը ԿԸՀ-ում հետաձգվել է, որոշվել է նիստը նշանակել վաղը՝ ժամը 13։00-ին։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Մենք գտնվում ենք այն փուլում, երբ ԿԸՀ-ն պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում արդեն որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալ-չտալու շուրջ։ Մենք նաև ուղիղ պահանջեցինք, որ դռնբացության կարգով քննվի միջնորդությունը։ Ինչպես ի սկզբանե նշել ենք, այս միջնորդությունը և հնարավոր մեղադրանքը որևէ կապ չունեն իրականության, իրավունքի, օրենքի հետ։ Փաստացի վերաբերում է մեր գործընկերներից Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին, սրա շրջանակներում է։ Բայց երևի մեկ կամ մեկուկես հատոր կից ներկայացված փաստաթղթեր կան, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր էին, մյուս մասը՝ ընդհանրապես իրականության հետ կապ չունեցող»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանը նշեց, որ այսօրվանից Նարեկ Կարապետյանը պատգամավոր է։ «Բայց դեռևս լիազորությունները չստանձնած՝ հունիսի 13-ին է ներկայացվել այս միջնորդությունը, երբ Նարեկ Կարապետյանը նույնիսկ հնարավորություն ուներ ինքնաբացարկ հայտնելու, հրաժարական ներկայացնելու։ Այսինքն՝ հունիսի 13-ին իրենք չէին կարող իմանալ, թե ինչ է լինելու հուլիսի 21-ին։ Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք ոչ թե անկախ սահմանադրական մարմնի հետ, այլ կարծես թե գործ ունենք որոշակի փոխլրացնելու առաքելություն ստանձնած մարմնի հետ։ Սա աբսուրդ է, որովհետև նվազագույն իրավական փշրանքի պայմաններում էլ այս միջնորդությունը պետք է վերադարձվեր կամ մերժվեր՝ ելնելով նրանից, որ հունիսի 13-ին է ներկայացված, այնտեղ իրենք չեն վերլուծել այն հանգամանքները, որոնք փորձում են հրամցնել, որ իբր պատգամավորի կարգավիճակ ստանձնել է, բայց լիազորությունը դեռ չի ստանձնել։ Դրանք չկան գրված դատախազության միջնորդության մեջ, հետևաբար, կամ պետք է վերադարձվեր անհապաղ, կամ պարզապես մերժվեր»,- նշեց Վարդևանյանը։
Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ ասաց․ «Ասել, որ սա անօրինական է, ապօրինի է, կնշանակի՝ մենք ոչ մի բան չենք ասում։ Վաղուց ենք մենք սա փաստել, որ գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ։ Բայց մենք դրա մասին խոսելն այս պահին ավելորդ ենք համարում։ Սա ինչ-որ շոուի բաղկացուցիչ մաս է և միտված է նրան, որ անեն ամեն ինչ, որպեսզի Նարեկ Կարապետյանը չգնա Ազգային ժողով»։
Փաստաբանն ասաց, որ վաղը կշարունակվի միջնորդության քննությունը, և ԿԸՀ-ն պետք է որոշի՝ Նարեկ Կարապետյանին զրկի անձեռնմխելիությունից, թե չզրկի։ «Իսկ մեր խորին համոզմամբ՝ ԿԸՀ-ն այդ լիազորությունը չունի, և դա չունենալու վերաբերյալ ինքը մեկ անգամ փաստարկված որոշում կայացրել է։ Թե հիմա ոնց է իր այդ ներկայացրած որոշման վրայով թռնում և նոր որոշում փորձում կայացնել, մեզ համար հասկանալի ու ընդունելի չէ»,- նշեց նա։
Ֆերոյանը նաև ասաց, որ ամբողջ գործը նայել է, Նարեկ Կարապետյանի վերաբերյալ որևէ տվյալ չկա Ալիկ Ալեքսանյանի գործի մեջ։ Իսկ Ալիկ Ալեքսանյանին վերաբերող հանգամանքները զուրկ են իրավական հիմնավորումից։ «Ասում են՝ փողերի լվացում է արել, բայց այնտեղ փողերի լվացման հանցակազմ ընդհանրապես գոյություն չունի»,- հավելեց փաստաբանը։
Նա նշեց, որ վաղը ԿԸՀ-ում այս միջնորդությունը դարձյալ դռնփակ պետք է քննարկվի, բայց իրենք դարձյալ կմիջնորդեն դռնբաց ռեժիմով անցկացնել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: