ԱԺ պատգամավորների մանդատները բաշխելու ու համապատասխան արձանագրությունը կազմելու օրակարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօր հրավիրած նիստին ներկա էր նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սեմյոն Բաբայանը, որը ավելի վաղ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։
Երբ օրակարգի հարցերը հաստատվեցին, ու առաջին հարցի զեկուցող հանձնաժողովի անդամ Գրիգորյանը սկսեց ներկայացնել հարցը, Բաբայանը տեղից ընդհատեց, ասաց՝ բացարկ է հայտնում Գրիգորյանին, որովհետև շահերի բախում կա, վերջինիս հետ անձնական խնդիրներ ունեն։
ԿԸՀ նախագահը դիտողություն արեց Բաբայանին, հիշեցրեց, որ ԿԸՀ կանոնակարգի համաձայն՝ նիստը խանգարողին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կա։
Բաբայանն էլ որոշեց միջնորդություն ներկայացնել, կրկին ընդհատեց Հովակիմյանին, ասաց՝ դրա իրավունքը չունի, որովհետև այս նիստում վարչական վարույթ չի իրականացվում, այս նիստում դիմում-բողոք չի քննարկվում, այլ քննարկվում է Բաբայանի՝ որպես պատգամավորի թեկնածու, երկու ինքնաբացարկները։
«Չորս»,- ԿԸՀ նախագահին ուղղեց Բաբայանը ու հավելեց՝ «հինգ» ու շարունակեց. «Դուք պարտավոր եք հարցնել ինձ՝ ինչո՞ւ եմ ինքնաբացարկ ներկայացրել։ Ինչո՞վ է դրդված իմ ինքնաբացարկը, որ վերլուծություն արվի ձեր մարմնում»։
«Այ մարդ, դադարեք խոսել»,- ասաց Հովակիմյանը։
«Ավարտեցի, ձեզնից նույնքան քանակի իրավունքներ ունեմ»,- արձագանքեց Բաբայանը ու կրկնեց իր պնդումը. «Հարց տվեք՝ ինչո՞ւ, ինչ-որ մեկը ստիպե՞լ է, թե ոչ»։
Վահագն Հովակիմյանը հարցրեց. «Հաստատո՞ւմ եք ձեր ինքնաբացարկի դիմումը, արդյոք ձեզ ստիպե՞լ են»։
«Ինձ չեն ստիպել, աշխատակազմի կողմնակալությունը…»,- Բաբայանին ընդհատեց Հովակիմյանը՝ բացատրելով, որ կարևորը շեշտեց, որ իրեն չեն ստիպել։
«Սա իմ երկիրն է, պարոն Հովակիմյան»,- նեղացավ Բաբայանը։
ԿԸՀ նախագահը այսքանով ավարտեց Բաբայանի հետ երկխոսությունը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: