Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ամփոփվել է փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը. ՆԳՆ ՓԾ


Ավարտվել է «Գազածխապաշտպանների սկզբնական պատրաստություն» թեմայով վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը, որն անց է կացվել հուլիսի 13-ից 17-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Հնգօրյա դասընթացի ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները ստացել են ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ զարգացրել են իրենց գործնական հմտությունները՝ ուսումնասիրելով շնչառական օրգանների պաշտպանության միջոցների կիրառման առանձնահատկությունները, դրանց անվտանգ շահագործման պահանջները և ծխապատ կամ գազավորված միջավայրում գործողությունների կազմակերպման սկզբունքները։ Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները մշակել են արագ արձագանքման, թիմային աշխատանքի և անձնական անվտանգության ապահովման հմտությունները։


Վերապատրաստումը հաջողությամբ ավարտած փրկարարները ստացել են հավաստագրեր:


ՆԳՆ Փրկարար ծառայությունը հետևողականորեն իրականացնում է մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ նպաստելով փրկարարների մասնագիտական կարողությունների և գործնական պատրաստվածության շարունակական զարգացմանը՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ և անվտանգ ծառայություն իրականացնելու նպատակով։

Դիտումների քանակ4

Leave a comment