Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, թե ինչու է ԿԸՀ-ն քննարկում Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ չնայած նրան, որ Կարապետյանն արդեն ընտրված պատգամավոր է։
Հովակիմյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։ Նա նշեց, որ այս մոտեցումն ամրագրված է նաև Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի որոշմամբ։
«Ընտրված պատգամավորի, բայց դեռ լիազորությունները չստանձնած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու գործընթացը կարող է իրականացվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, և այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների երկու երրորդի ձայներով»,- ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԿԸՀ-ն նախկինում հինգ նմանատիպ միջնորդություն վերադարձրել էր Դատախազություն, քանի որ այդ պահին անձինք ունեին միայն պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, որը, Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, գործում է մինչև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը։
Հովակիմյանը տեղեկացրեց, որ ավելի ուշ դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար՝ արդեն հղում անելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն մինչև պատգամավորների ընտրված լինելու վերաբերյալ արձանագրության կազմումը և խորհրդարանի կազմի հաստատումը համապատասխան իրավական հիմք չուներ այդ հարցը քննարկելու համար։
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ այսօր՝ ժամը 17:00-ին, նշանակված է հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի Դատախազության միջնորդությունը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Դատախազության դիմումը, որը ստացվել էր հուլիսի 13-ին, քննարկվում է միայն այսօր, Հովակիմյանը պարզաբանեց, որ ընտրված, բայց լիազորությունները դեռևս չստանձնած պատգամավորի իրավական կարգավիճակն առաջանում է միայն ԿԸՀ-ի կողմից ընտրված պատգամավորների մանդատների բաշխման վերաբերյալ արձանագրության կազմելուց հետո։
Նրա խոսքով՝ հենց այդ պահից՝ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը, արձանագրությունում ընդգրկված անձինք համարվում են ընտրված, սակայն դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորներ, և այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը գտնվում է ԿԸՀ իրավասության ներքո։
Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ՝ չեն հայտնում՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։
Մանրամասները՝ տեսանյութում։