Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Բաժանորդագրվել

Դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը։ Որոշմամբ հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։

Նրա խոսքով` բավարարելով բողոքը` դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։

Արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:

Հիշեցնենք` հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի մեղադրանք էր առաջադրվել դատական ակտը խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում` Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։ Դատարանը որոշել է կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչել և Սարոյանին վերականգնել իր պաշտոնում։

Leave a comment