Թուրքիայի տրանսպորտի նախարարը Իրաքում է. օրակարգում է «Զարգացման ճանապարհներ» նախագիծը

Բաժանորդագրվել

Բանակցությունների մանրամասները կողմերը դեռ չեն բացահայտում: Սակայն Ուրալօղլուն պարբերաբար այցելում է Իրաք, քանի որ համակարգում է «Զարգացման ճանապարհներ» (Development Road Project) մեծածավալ նախագծի իրականացման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այցելել է Իրաք, որտեղ Բաղդադում հանդիպել է երկրի տրանսպորտի նախարար Վահաբ Սալման ալ-Հասանիի հետ, հայտնել է Իրաքի տրանսպորտի նախարարությունը:

Բանակցությունների մանրամասները կողմերը դեռ չեն բացահայտում: Սակայն Ուրալօղլուն պարբերաբար այցելում է Իրաք, քանի որ համակարգում է «Զարգացման ճանապարհներ» (Development Road Project) մեծածավալ նախագծի իրականացման գործընթացը:

Նախագիծն Անկարան դիտարկում է որպես միջազգային տրանսպորտային առանցքային երթուղի և այլընտրանք Սուեզի ջրանցքին: Դրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է Գազայի հատվածում իրավիճակի սրումից և գործնականում «Մերձավորարևելյան միջանցք» նախագծի դադարեցումից հետո:

Իրաքի հարավը Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարվեց 2023 թվականին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զարգացման ճանապարհները» երկրի համար «նոր մետաքսի ճանապարհ» անվանեց: 2024 թվականի ապրիլին Իրաքը, Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն նախագծի վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին և պայմանավորվեցին համակարգող կենտրոն ստեղծել դրա իրագործման համար։

Վերջին ամիսներին նախագծի հեռանկարները կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեցին տարածաշրջանային իրավիճակի փոփոխման ֆոնին։ Վաշինգտոնի կողմից «Մերձավորարևելյան միջանցքի» բացահայտ աջակցությունից և ՕՊԵԿ-ից դուրս գալու ԱՄԷ-ի որոշումից հետո հարցեր առաջացան առանձին ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը Աբու Դաբիի հետագա մասնակցության վերաբերյալ։

Անկարան Բասրայից ոչ հեռու Գրանդ Ֆաու խորջրյա նավահանգստի կառուցման հույս ունի, որը «Զարգացման ճանապարհների» առանցքային տարր է համարվում։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորման զգալի մասը կապահովեր ԱՄԷ-ն։ Հետագայում նավահանգստից բեռները նախատեսվում է երկաթուղով տեղափոխել Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Մերսին քաղաք։ Տրանսպորտային միջանցքի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2038 թվականը։

Leave a comment