Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Հորդանանում զոհվել են երկու ամերիկացի զինծառայող․ WSJ

Իրանի հրթիռային հարվածը Հորդանանում գտնվող «Մուվաֆակ Սալթի» ավիաբազայի վրա, որի հետևանքով զոհվել են ԱՄՆ-ի երկու զինծառայողներ, թիրախավորել է մարզադահլիճը, ինքնաթիռների անգարը և զինվորների բնակելի հատվածը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ առաջին հրթիռը խոցել է ավիաբազայի մարզադահլիճը։ Թեև նախազգուշացման ազդանշանը ժամանակին է գործարկվել, և զինծառայողները հասցրել են ապաստանել բունկերներում, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։

Մի քանի ժամ անց երկրորդ հրթիռը հարվածել է դատարկ ինքնաթիռային անգարին, իսկ երրորդը՝ բնակելի մասնաշենքին, որտեղ տեղակայված էին զինվորները։ Թեև տագնապի ազդանշանը կրկին գործել է, ոչ բոլոր զինծառայողներն են հասցրել հասնել ապաստարաններ։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Հավայներից առաջին լեյտենանտի և Տեխասից մեկ շարքային զինծառայողի մահը։ Եվս մեկ զինծառայող համարվում է անհետ կորած։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ դեռևս պարզ չէ՝ զոհված զինծառայողները մահացել են շենքի ներսում, թե ապաստարան հասնելու ճանապարհին։

Պարբերականը նաև նշում է, որ այն հանգամանքը, որ երեք հրթիռ կարողացել է հաղթահարել հակաօդային պաշտպանության համակարգերը, կարող է վկայել տարածաշրջանում տեղակայված շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայողների պաշտպանության համակարգի հնարավոր խոցելիությունների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment