«Վաղ թե ուշ ամենը սուսուփուս վերադարձնելու են»․ Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի ունեզրկման գործընթացների մասին

«Իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանի աջակցության այսպիսի լայնածավալ գործընթացներ»,- լրագրողների հարցին՝ ի՞նչ են ուզում ցույց տալ իշխանությունները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այսպես վարվելով, երբ անգամ ձեռնաշղթաներն էին փոքր Գագիկ Ծառուկյանի ձեռքին, Քննչական կոմիտեի բակում այսպես պատասխանեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ սա իշխանության կողմից համարժեքության իսպառ կորուստ է․ «Այն «բեսպրեդելը», որ տեսնում ենք Ծառուկյանի հիմնարկների, ամբողջ գործունեության շուրջ, ցույց է տալիս, որ իշխանությունն իրականացնում է դասագրքային քաղաքական հետապնդում»։

Արման Աբովյանը վստահեցրեց՝ սրանք միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացներ չեն․ «Դրանք վերաբերվում են բոլորին, նույնիսկ նրանց, որոնք պայմանական ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Երբ բռնապետությունը, «փաշիզմը» մտնում է տուն, մտնելու է բոլորի տները։ Տնտեսական հիմնասյուներից մեկը, որը ձևավորել էր Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ, փլուզելն ու ոչնչացնելն ո՞ւմ է ձեռք տալիս։ Ամենաանտրամաբանականն այն է, որ իշխանությունը շատ լավ գիտի՝ վաղ թե ուշ սուսուփուս վերադարձնելու է այն ամենը, ինչ հիմա բանդիտական մեթոդներով փորձում է խլել։ Այս իշխանությունը, կորցնելով իսպառ ադեկվատությունը, ՀՀ Սահմանադրությունը խփել է գետնով»։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հուլիս ամսվա ընթացքում «Արարատցեմենտի» կառավարիչ կնշանակվի, Արման Աբովյանն արձագանքեց․ «Բանդիտական, ռեյդերական գործողություններին պետք է գոնե ինչ-որ մի տեղ իբր օրինական երանգներ տրվի։ Թույլ տվեք Պապոյան Գևորգի խոսքերը չմեկնաբանեմ, հիմա ինքը խնդիրներ ունի գյուղացիների հետ, ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտը քացու տակ տվեցին»։

Արման Աբովյանն ահազանգեց՝ տասնյակ հազարավոր մարդկանց այս իշխանություններն առանց հաց են թողնում։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment