Համալսարանները պետք է լինեն ճշմարտության պաշտպաններ. Կրթության փորձագետը՝ Արման Թաթոյանի նկատառումների եւ արժեքային կրթության մասին

Օրերս ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ Կոլումբիայի  եւ Եյլի համալսարաններում: Փենսիլվանիայի համալսարանում ուսանած Թաթոյանը նշել է, որ իր վրա միշտ զգացել է համալսարանի ազդեցությունը: Նա նաեւ որոշ նկատառումներ է հայտնել ամերիկյան համալսարանների առանձնահատկությունների վերաբերյալ:

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարի ձեւակերպմամբ՝ համալսարանները  առաջնորդներ են ձեւավորում, քննադատական մտածողություն, դրանք ի թիվս այլնի՝ կամուրջ են սերունդների միջեւ: Նա ցանկություն է հայտնել, որ Հայաստանում եւս համալսարաններն ունենան այն ուժը, որն անհրաժեշտ է երկրի զարգացման համար, նաեւ վստահություն հայտնել, որ հզոր զարգացած համալսարանական համակարգը հնարավոր կլինի ներդնել նաեւ մեր երկրում:

Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով Արման Թաթոյանի կրթական նկատառումներին, հետեւյալ կերպ արձագանքեց. «Այսօր  Հայաստանի համալսարանները մի տեսակ  սպասման ռեժիմի մեջ են, որովհետեւ արդեն հայտարարվել է, որ դրանք միավորվելու են, ձեւավորվելու են կլաստերներ, բացի ԵՊՀ-ից եւ Բժշկական համալսարանից, կարծես մնացած պետական համալսարաններն այս կամ այն ձեւով միավորվելու են:

Ինչ վերաբերում է  մեծ առաքելությունների  իրագործմանը՝ այդ իմաստով ես շատ խնդիրներ եմ տեսնում, որովհետեւ Հայաստանում համալսարաննները հիմնականում գոյատեւում են ուսանողների վճարած վարձերի հաշվին՝ 80-90 տոկոս եկամուտն այդպես է գոյանում: Դրա համար լուրջ խնդիրներ չեն դրվում համալսարանների առջեւ: Մենք հիմա ավելի շատ փորձում ենք համալսարանները համապատասխանեցնել հոդվածներ գրելու, տարբեր դասակարգման սանդղակներին, մինչդեռ համալսարանների կարեւորագույն ու գլխավոր խնդիրը կրթությունն ու միջավայրն են»:

Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ հայաստանյան  համալսարաններում մարդկանց լրավճարներ են տալիս հոդվածներ գրելու, դրամաշնորհներ ստանալու համար, բայց կոնկրետ ինչ է արվում, որ դասավանդման որակը բարելավի, այս ուղղությամբ իրավիճակն անտեսված է, իսկ դասախոսները՝ ոչ մոտիվացված. «Բոլորը մտածում են հոդված գրելու մասին՝ անկախ նրանից՝ քանի՞ մարդ կկարդա այդ հոդվածը, ի՞նչ օգուտ կտա դա Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, փոխանակ կարեւորելու լավ դասավանդելը, արժեքային կրթությունը, դրա համար էլ համալսարանները  հասարակական կյանքում մեծ դեր չունեն:

Հայաստանում շատ անհատներ, ինֆլուենսերներ հաճախ ավելի ազդեցիկ են, քան համալսարանները, մինչդեռ նույն Ամերիկայում մենք տեսնում ենք, թե  ինչպես են տեղի համալսարանների պրոֆեսորներն արձագանքում տարբեր քաղաքական իրավիճակների: Այնպես չէ, որ այդ մարդիկ տարբեր որոշումների վրա ուղղակիորեն ազդում են, բայց ամեն դեպքում իրենց ազդեցիկ խոսքն են հնչեցում որպես համալսարանների դասախոսներ»:

Կրթության փորձագետն ափսոսանքով փաստում է. «Մեզ մոտ չկա այն անկախ, օբյեկտիվ ծանրակշիռ խոսքը, որ պետք է համալսարաններն ասեն…Մեր համալսարաններն ինչ-որ իմաստով ավելի վախեցած են դարձել, մինչդեռ աշխարհում ընդունված է, որ համալսարանների  ճնշող մեծամասնության կարգախոսը Veritas-ն է՝ ճշմարտությունը:

Համալսարանները պետք է լինեն ճշմարտության պաշտպաններ, ջատագովներ, որովհետեւ գիտության հիմնական նպատակը ճշմարտությունն   է, իսկ եթե քո երկրում ճշմարտությունը որտնահարված է, արժեզրկված է, գիտությունն էլ չի կարող զարգանալ… Եթե մեզ թվում է, որ  մեր լաբորատորիայում փորձեր ենք անում, դա՛ է ճշմարտությունը, ապա սխալվում ենք,  ճշմարտությունը նաեւ միջավայրն է, եթե չկա  միջավայր, որտեղ ճշմարտությունը գնահատված է, անգամ  բնական գիտություններն են սկսում դառնալ տարբեր մանիպուլյացիաների եւ այլնի թիրախ»:

Սերոբ Խաչատրյանը  հիշեցնում է  20-րդ դարի հասարակագիտության ամենաարժեքավոր մտքերից մեկը , որը պատկանում է Մարշալ Մքլյուենին` The medium is the message: «Մեդիումը՝ միջոցն է ուղերձը, այսինքն միջավայրն է ուղերձը: Ցավոք, այն  միջավայրը, որ  ստեղծված է  Հայաստանում, շատ վատ ուղերձներ է տալիս, պետք է միջավայրը փոխվի, որ ուղերձներն էլ  լավանան, դրա համար է շատ կարեւոր երկրում առողջ միջավայրի առկայությունը: Իսկ եթե միջավայրն անառողջ է, ուղերձն այն է, որ ջունգլի է՝ ով ինչ ուզում է, կարող է անել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment