14,5 միլիոն դոլար իրանցիները պարտք են Ծառուկյանին, լրացուցիչ հարցաքննություն պիտի լինի․ փաստաբաններ

«Մեզ կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա։ Մենք եկել ենք լրացուցիչ հարցաքննության։ Ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն, տեղում կերևա»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանին բերել էին Քննչական կոմիտե։

Երեմ Սարգսյանը նշեց, որ այս հարցաքննությունը Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում է, որում, ըստ Քննչական կոմիտեի՝ ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։

Լրագրողները հիշեցրին՝ օրերս Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող փաստաթղթեր էին հանրայնացվել և հարցին՝ դրանք ներգրավվե՞լ են ապացույցների մեջ, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «Մեզ չեն ասում է՝ ընդգրկե՞լ են, թե՞ ոչ։ Մենք բազմաթիվ փաստաթղթեր ենք իրենց ներկայացրել։ Եթե օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել, բոլորը պետք է ներբեռնեին, զննեին և դիտարկեին որպես ապացույց։ Դժվար թե այդքան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ։ Մեր ներկայացրած փաստաթղթերը կարծես ուզում են չտեսնելու տան։ Փաստերը, որտեղ երևում է, որ Գագիկ Ծառուկյանն ու հայկական կողմն են տուժող հանդիսանում՝ գումարի ներդրողն իրենք են, հաշվի չեն առնում, փոխարենը միայն նրանց ասածը, թե մենք ենք գումարով ապրանք առել, ուղարկել, ու դա հափշտակվել է, բայց այդ փաստը չի հիմնավորվում, միայն այդ բանավոր խոսքը իրենց համար վերջին աստիճանի ճշմարտություն է դիտարկվում»։

Հարցին՝ իրանցի գործարարների հետ առերեսում եղե՞լ է, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «Մենք միջնորդել ենք, բայց դեռ որևէ առերեսում չի կատարվել»։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն էլ իրանական կողմի հետ համագործակցության մասին ասաց․ «Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր, որի հետ կապված բոլոր ներդրումները կատարվել են պարոն Ծառուկյանի կողմից։ Դժվարանում եմ այդ անձանց իրանցի գործարարներ անվանել, քանի որ հիմա արդեն իրականությունը բացահայտվել է, և լրիվ այլ է։ Մարդիկ այս պահին Գագիկ Ծառուկյանին 14,5 միլիոն դոլար պարտք են, բայց ներկայացնում են այլ իրականություն։ Դա քննության ընթացքում պետք է հերքվի, և մեր կողմից ներկայացված փաստաթղթերը պետք է քննության առարկա դառնան, ինչքան էլ այս պահին միակողմանի քննություն է գնում։ Մենք ներկայացրել ենք փաստաթուղթ, որում հստակ երևում է, որ Իրանի քաղաքացիները ստորագրել են պարտավորագիր, որով հիմնավորվում է՝ 14,5 միլիոն դոլար պարտք են եղել և պետք է վերադարձնեին Գագիկ Ծառուկյանին երկու տարվա ընթացքում։ Այս պահին էր ավարտվում երկու տարին, հետևաբար նրանց՝ նման գործողություններն ուղղված են նրան, որ այդ պարտավորությունները չկատարվեն»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment