Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փեհլևին հայտարարել է, որ իր հետ գաղտնի կապի են դուրս եկել Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) որոշ զինծառայողներ։
Reuters-ին տված հարցազրույցում Փեհլևին պնդել է, որ Թեհրանի իշխանության հենարան համարվող ուժային համակարգում աճում է այն մարդկանց թիվը, որոնք փորձում են հեռավորություն պահպանել գործող վարչակարգից։
«Ինձ գրում են․ «Ես Մեշհեդից բասիջական եմ» կամ «Ես ծառայում եմ ԻՀՊԿ-ում այսինչ երկրում»։ Նրանք ասում են․ «Մենք ատում ենք այս ռեժիմը։ Մենք նրանց հետ չենք։ Մենք հնարավորություն ենք փնտրում առանձնանալու»», – պատմել է Փեհլևին։
Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն ղեկավարության հետ ուղիղ բանակցություններ չի վարում, սակայն հաստատել է տեղային մակարդակում գաղտնի շփումների առկայությունը։
Փեհլևիի խոսքով՝ ԻՀՊԿ-ի («Սեփահ») և Իրանի բանակի որոշ ներկայացուցիչներ իրենք են կապ հաստատել իր հետ։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է վկայել Իրանի անվտանգության առանցքային կառույցների ներսում առկա հնարավոր տարաձայնությունների մասին։
Ռեզա Փեհլևին, որը բնակվում է արտերկրում, երկար տարիներ հանդես է եկել Իրանի քաղաքական համակարգի փոփոխության և աշխարհիկ կառավարման գաղափարների օգտին։