Ձկնաբույծները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ՝ իրենց պահանջները ներկայացնելու և հետագա անելիքները քննարկելու համար: «Նախարարի հետ չենք ուզում հանդիպել, արդեն հանդիպել ենք: Մեկ ամսից ավելի է՝ մեր հարցին լուծում չի տալիս»,- ոստիկանին ասաց ցուցարարներից մեկը:
«Ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր: Կառավարությունն արդեն երկու ծրագիր է իրագործել, սակայն դրանք անիրատեսական են և ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու: Փորձում են հանրությանը ցույց տալ, թե ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ոչ Եվրոպա արտահանելու կանոնակարգերի հետ կապված հարցն է լուծվել, ոչ էլ արտահանման սուբսիդավորման հարցը, որովհետև եվրոպական շուկան մեզ համար դեռևս անհասանելի է: Իսկ այն ծավալները, որոնք այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, միանգամից եվրոպական շուկայում իրացնելն անիրատեսական է: Խոսքը շուրջ 15 հազար տոննա ձկան մասին է՝ այս պահի դրությամբ, գումարած այն ապրանքը, որը Ռուսաստանի սահմանից վերադարձվել է Հայաստան և այժմ պահվում է սառնարաններում: Մայիսի 15-ից արտահանումը դադարեցվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը:
Նրա խոսքով՝ ռուսական շուկան ձկնաբույծների ավելի քան 30 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է. «Առաջին տարին, երբ Հայաստանից ձուկ-ձկնամթերք է արտահանվել, տարեկան ծավալը մինչև 60 տոննա է եղել, իսկ այսօր հասել է 13 հազար տոննայի: Կառավարության 1-2 որոշումով անհնար է 13 հազարանոց շուկան միանգամից տեղափոխել Եվրոպա: Մենք դեմ չենք եվրոպական շուկա մտնելուն և այնտեղ ապրանք վաճառելուն, դա ողջունելի է, նոր շուկա է, ի վերջո: Բայց մինչև այնտեղ մտնելը մենք գործ ունենք կենդանի օրգանիզմի հետ, որի պահպանումը ծախսեր է պահանջում: Պարոն Պապոյանը խոստացավ, որ աջակցության ծրագիր կլինի, որպեսզի տնտեսությունները պահպանվեն մինչև արտահանման և իրացման հետ կապված հարցերը լուծվեն: Սակայն շուրջ երկու ամիս է՝ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել, նույնիսկ նախագիծ չի շրջանառվում»:
Անդրադառնալով ՍԱՏՄ ղեկավարի ասուլիսում հնչած հայտարարություններին՝ ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, քաղաքացին նշեց, որ դեռևս մեծ աշխատանք կա անելու:
«Պետք է շուկաներ գտնվեն, շուկան ուսումնասիրվի, մարքետինգ իրականացվի: Այնպես չէ, որ մեքենաների վրա պիտի բարձեն ու տանեն Եվրոպա, եվրոպացիներն էլ իրենց սեղանները բացած՝ սպասում են հայկական ձկանը… Այսպես շարունակվելու դեպքում տնտեսությունները կքանդվեն: Կան տնտեսություններ, որոնք օրական 20-30 միլիոն դրամի ծախս են իրականացնում»,-ասաց նա:
Հավաքված ձկնաբույծները նաև զարմանքով նկատեցին, որ նախարարն այցելել է ընդամենը մեկ ձկնաբուծական տնտեսություն և հայտարարել, թե տնտեսվարողի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, այն դեպքում, երբ, նրանց խոսքով, մեկ տնտեսվարողը չի կարող ներկայացնել ամբողջ ոլորտը:
«Երրորդ ամիսն է՝ մենք լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ ենք կանգնած: Միայն խոսքեր ենք լսում. գալիս են, ժամանակ են ձգում, մեկ շաբաթ անցնում է, հենց տեսնում են, որ ժողովուրդը պատրաստվում է դուրս գալ, ասում են՝ վայ, մի հատ հանդիպենք, խոսենք: Էլի խոսում ենք, էլի մեկ շաբաթ է անցնում… Տպավորություն ունեմ, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում»,- ասաց ձկնաբուծական տնտեսության մեկ այլ ներկայացուցիչ:
«10 տարիների ընթացքում տարբեր ֆորս-մաժորների միջով ենք անցել՝ եղանակային պայմաններ, կուրսի տատանումներ, պատերազմ… Այդ ամենը ձկնաբույծը միայնակ է անցել, ոչ մի աջակցություն չի խնդրել՝ հասկանալով, որ պետության վրա չպետք է ավելի ծանրաբեռնվածություն լինի: Բայց այս փուլում ու այս իրավիճակում դիմանալ չի լինում… Ինչին դիմանաս, դա ֆիզիկական աշխատանք չի, որ դիմանաս… Մի օրինակ բերեմ Եվրոպա արտահանելու հետ կապված: Ենթադրենք, ես 20 տարի է բոքսով եմ զբաղվում, այսօր արթնացել եմ, ասում են՝ եղբայր, դու այլևս բոքսով չես զբաղվում, գնա ֆուտբոլ խաղա, կարո՞ղ եմ միանգամից անցնել ֆուտբոլի»,- տարակուսանք է հայտնում ձկնաբուծական տնտեսություններից մեկի ներկայացուցիչը:
Ձկնաբույծները ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: