Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատում մի քանի օր է` գույքագրում է իրականացվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները ներխուժել էին Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ, այդ թվում` Երևանի կոնյակի–գինու–օղու կոմբինատ։ Այդ օրվանից ի վեր ահազանգվում է, որ կոմբինատի սարքավորումների խողովակներում մեծ քանակությամբ սպիրտ կա, դրանք չեն դատարկվել, ու դա կարող է շատ մեծ անվտանգային խնդիր առաջացնել։ Արդեն մի քանի օր է, ինչ կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց այն դեռևս չի աշխատում։
«Արդեն մի քանի է օր է` այդ գույքագրումն արվում է, ու դեռ այս պահին էլ շարունակվում է։ Ստուգվում է, թե ինչ պաշարներ կան»,– ասաց Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ չգիտի, թե ինչի համար է այդ գույքագրումն իրականացվում։
Հարցին` արդյոք կոմբինատի սարքավորումների խողովակներից սպիրտը դատարկելու հնարավորություն եղել է, Տոնոյանը նշեց` նման թույլտվություն չի տրվել որևէ մեկին, տեխնիկական որևէ գործընթաց չի իրականացվել։
Sputnik Արմենիա