Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հայցն ընդդեմ իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Վերջինը պետք է հերքի Եղնիկների հրամանատարի մասին ու նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարի։
Կարեն Ջալավյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «facebook.com» սոցիալական կայքի իրեն պատկանող էջերում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները՝
«Հերքում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ և գրավոր տեքստ հրապարակելով (որը պահպանվում է իր ֆեյսբուքյան էջերում անժամկետ)՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները:»
Նա նաև պահանջել էր Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Կարեն Աղասիի Ջալավյանի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։ Հայցի այս հատվածը բավարարվել է մասնակի. դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ: