«Սա զուտ անհատական է, պետք չէ դիտարկել՝ որպես պետական քաղաքականություն։ Անհատներն այնտեղ գանձեր են փնտրում»,- Aravot.am-ի փաստմանը՝ վանդալիզմի է ենթարկվել Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը, և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունն այն դեպքում, երբ բանակցություններ են ընթանում հայ-թուրքական ամենատարբեր շրջանակներում, այսպես պատասխանեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նշենք, որ «Գեղարդ» հիմնադրամը ահազանգել էր․ «Հուլիսի 7-8-ին անհայտ անձը ներխուժել է Ստամբուլի Սկյուտարի թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու հայկական գերեզմանատան տարածք, վնասել 6 գերեզման ու 1 շատրվան։ Վանդալը հիմնականում վնասել է գերեզմանների խաչերը։ Ձերբակալվել է մեկ անձ, բայց դեպքի մանրամասները բացահայտված չեն։ Տարբեր տարիների հայկական եկեղեցիների, գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները վկայում են, որ նման միջադեպերը շարունակական բնույթ են կրում»։
Մուշեղ Խուդավերդյանը, փաստելով, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար բանակցություններ են ընթանում, իսկ Թուրքիան հայտարարում է՝ քանի դեռ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է, ասաց․ «Չնայած դրան՝ Վանում հայ-թուրք գործարարների հանդիպում տեղի ունեցավ, զբոսաշրջային հարցեր են քննարկվել։ Իսկ գերեզմանատները հիմնականում պղծում են անհատները, այսինքն՝ դա պետական մակարդակով չէ, անհատները գանձեր են փնտրում»։
Մեր այն հիշեցմանը՝ բայց հենց խաչերն են վնասել, դա՞ ինչպես կմեկնաբանեք, թուրքագետը պատասխանեց․ «Ազգայնամոլական այդպիսի դրսևորումներ կարող են լինել, սակայն վերագրել, որ դա արվում է պետական մակարդակով, չարժի դրան այդքան կարևորություն տալ։ Մենք տեսնում ենք, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններն արդեն բանակցությունների փուլում են, կողմերը որոշակի քայլեր կատարում են։ Դեռևս վաղ է խոսել հարաբերությունների վերջնական կարգավորման մասին, սակայն մենք տեսնում ենք, որ որոշակի քայլեր կատարվում են։ Մասնավորապես՝ Ադրբեջանը դեռևս պահանջներ ունի, որ պետք է Սահմանադրությունը փոխվի»։
Մեր այն հիշեցմանը՝ ամիսներ առաջ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Aravot.am-ի հարցին՝ արդյոք ժամանակացույց կա՞ կապված հայ-թուրքական սահմանի բացման հարցով, պատասխանել էր՝ թեև ժամանակացույցի հարց չի քննարկվել, բայց ոչ մի խոչընդոտ չկա սահմանի բացման համար, միայն տեխնիկական և բյուրոկրատական հարցեր են, և փաստմանը՝ դեռ սահմանը չի բացվել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար, Մուշեղ Խուդավերդյանն այսպես արձագանքեց․ «Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։
Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը ժամանակին հայտարարել է, որ չեն պատրաստվում փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները ՀՀ-ի հետ մի քանի գրոշանոց առևտրի համար։ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի՝ քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչքան էլ բանակցություններ լինեն, ինչքան էլ տարբեր մակարդակի սիրողական կարգի պայմանավորվածություններ ունենան՝ երրորդ երկրների համար սահման բացեն, դրանք մանրուքներ են։
Այդպես լինի՝ հայ-թուրքական հարաբերություններում միշտ էլ բանակցություններ եղել են, քանի որ ինչ-որ պայմանավորվածություններ են ունեցել։ Օրինակ՝ Թուրքիայի հրավերով Հայաստանն անդամակցել է Սևծովյան տնտեսական համագործակցությանը, Թուրքիան թույլատրել է ապրանքների արտահանումը ՀՀ, սակայն ներմուծում թույլ չի տվել։ Այդ պայմանավորվածությունները միս ու արյուն կստանան այն դեպքում, երբ հստակ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»։
Հարցին՝ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացումն իր կանխատեսմամբ ե՞րբ կլինի, Մուշեղ Խուդավերդյանը դժվարացավ հստակ պատասխանել․ «Թուրքական կողմը հստակ նշել է՝ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, Թուրքիան որևէ սահմանի բացում չի անելու։ Դիվանագիտական անձնագրերի մասին էլ էին խոսում․ դրանք նույնպես մանրուքներ են։ Չարժի ընկնել մանրուքների հետևից»։
Ամփոփելով զրույցը՝ Մուշեղ Խուդավերդյանն ասաց․ «Գերեզման պղծել, խաչեր պղծել, չեմ կարծում՝ պետական մակարդակով տարվող քաղաքականություն է՝ մանավանդ այս փուլում։ Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Թուրքիայում կան ազգայնական խմբեր, որոնք նման գործողություններ անում են, բայց դա պետք չէ վերագրել նրան, որ դա արվում է պետական մակարդակով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: