1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում


Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Օլիմպիադային մասնակցել են 78 երկրի 300-ից ավելի մասնակիցներ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ: Հայաստանի թիմը ներկայացրել են «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Հովհաննես Սարգսյանն ու Ստելլա Բադալյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը։ Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն) աշխատանքներ։


Արեգ Գալստյանն արժանացել է արծաթե մեդալի, Հովհաննես Սարգսյանը՝ բրոնզե մեդալի, իսկ Սամվել Հարությունյանը՝ գովասանագրի։


Թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):


Հիշեցնենք, որ «Կենսաբանություն» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։

Leave a comment