Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան 109 հասցեի բակի այն հատվածը, որտեղ հուլիսի 18-ի երեկոյան սպանություն էր տեղի ունեցել, դեռևս ժապավենապատ է, իսկ նկուղի մուտքը՝ կնքված։ Գետնին արյան հետքեր են և կավճով գծված շրջանակներ, որտեղ, ըստ ամենայնի, հայտնաբերվել են փամփուշտների պատիճները։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ երեկոյան ժամը 9-ի սահմաններում, այստեղ հնչած կրակոցների հետևանքով երիտասարդ է սպանվել, իսկ 15-ամյա մի դեռահաս՝ վիրավորվել։ Դեպքի ականատեսները պնդում են, որ ո՛չ զոհվածը, ո՛չ վիրավորը որևէ առնչություն չեն ունեցել միջադեպին։ Զոհված երիտասարդն ապրում էր հարևան փողոցում՝ ծնողների և ավագ եղբոր հետ։ Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր մեկ անձի ձերբակալման մասին։
Թաղամասի բնակիչները սգում են և վրդովված են տեղի ունեցածից․
«Գիշերը չենք քնել․ բոլորս սգում ու լաց ենք լինում անմեղ զոհված տղայի համար։ Երեխաներն լրիվ պատահաբար են հայտնվել այդտեղ»։
«Գլխումս չի տեղավորվում, որ նման բան կարող է տեղի ունենալ Երևանում․ սկզբում նույնիսկ մտածեցի, թե թուրքերն են կրակում»։
«Օրը ցերեկով, փողոցի մեջտեղում կրակոցներ արձակելն ուղղակի սարսափելի է»։
«Տանն էինք, երբ ավտոմատի կրակոցներ լսվեցին։ Սկզբում մտածեցինք, թե գերեզմանոցում են կրակում, հետո պարզվեց՝ կողքներս է եղել․ Հայկի տղան է սպանվել՝ պատահական փամփուշտից։ Տղաները քիչ հեռու կանգնած զրուցում էին, մեկ էլ՝ կրակոցներ, նռնակ․․․ Անարխիա է։ Ի՞նչ են մտածում իշխանությունները․ բոլորը զենք ունեն։ Էսքան ոստիկանն ինչի՞ համար է, թե որ կարգուկանոն ապահովել չեն կարողանում։ Իշխանությունները երկրորդ անգամ վերընտրվեցին, հետո՞․ երիտասարդությանը սպանելով առաջ գնա՞ն։ Էրեբունիում նման բաներն անընդհատ են կրկնվում։ Ինչքա՞ն կարելի է, ամեն օր նույն բանն ենք լսում»։
News.am