Գյուղմթերքի արհեստական դեֆիցի՞տ են ստեղծում. միրգը պահում են սառնարաններում, դրա համար էլ անհամ է

Հայկական գյուղմթերքի համար ամենաթեժ սեզոնին Ռուսաստանի Դաշնությունն, ի պատասխան հայաստանյան իշխանությունների՝ դեպի ԵՄ միտված քաղաքականությանը, փակեց իր հսկայական շուկան հայ տնտեսվարողների համար՝ փաստի առաջ կանգնեցնելով թե՛ նրանց, թե ՀՀ՛ իշխանություններին, որոնք այդպիսի կտրուկ շրջադարձի պատրաստ չէին։

Հայկական գյուղմթերքը, որքան էլ իշխանական շրջանակները պարբերաբար տեղեկություններ տարածեն եվրոպական երկրներ արտահանելու մասին, մնաց երկրում, և փաստացի դրանց մեծ ծավալներով սպառման համար միակ շուկան մնաց տեղականը։

Դա սպասելիք էր ձևավորել, որ այս տարի գյուղմթերքի շուկայում զգալի գնանկում է լինելու։ Բայց սպասելիքները չարդարացան, այսօր էլ տեղական միրգն ու բանջարեղենը շարունակում են բարձր գնով վաճառվել, չնայած շուկան ողողված է դրանցով, և դեֆիցիտի մասին խոսք լինել չի կարող։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ևս կարծում է, որ ըստ տրամաբանության՝ եթե արտահանման ճանապարհները փակ են կամ սահմանափակ, ապրանքը պետք է մնա երկրում, ինչի արդյուքնում առաջարկը մեծանալու է և գները կտրուկ անկում պետք է ապրեն։ Պարադոքսը տնտեսագետը բացատրում է մի շարք պատճառներով։ Նրա տեղեկացմամբ՝ իրական տնտեսության մեջ գործում են մի քանի «ստվերային» մեխանիզմներ, որոնք բացատրում են, թե ինչու է արտահանման ձախողման ֆոնին ներքին շուկայում գյուղմթերքը շարունակում թանկանալ և իր ձևակերպմամբ՝ «ֆանտաստիկ»  բաձր գներ են գործում։ Մեկը ինքնարժեքի «ֆիքսված» բարձր շեմն է։

 

«Ֆերմերը չի կարող ապրանքը վաճառել իր կատարած ծախսերից ավելի էժան, քանի որ դա կնշանակի ուղղակի սնանկացում։ Եթե դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուն և ջրի վարձը նախապես թանկ են նստել նրա վրա և ապրանքի համար որոշակի ինքնարժեք է ձևավորվել, գյուղացին չի կարող ավելի էժան գին առաջարկել, ապրանքի վերջնական գինը չի կարող ցածր լինել։ Նույնիսկ եթե արտահանումը փակ է, արտադրության ծախսերը հետադարձ ուժով չեն նվազում»։

 

Մեր զրուցակիցը նկատում է, որ չնայած դրան, ֆերմերը ձգտում է առավելագույն օգուտ ստանալ իր կրած վնասի դիմաց՝ առաջնորդվելով ոչ կապիտալիստական տնտեսական մոդելով։ «Ֆերմերը պետությունից սուբսիդիա է պահանջում, միևնույն ժամանակ ապրանքն ինքանրժեքով չի ուզում վաճառել, այլ լրացուցիչ գին է դնում, որպեսզի իր կորուստների դիմաց հնարավորինս օգուտ ստանա և շահույթով դուրս գա, ոչ թե վնասով»,- ասում է Հրայր Կամենդատյանը MediaHub-ի հետ զրույցում։

 

Մյուս գործոնը, որ գյուղմթերքի շուկայում շարունակում են բարձր գները պահպանվել, մոնոպոլիզացիան և միջնորդների դիկտատուրան է։ Սա, Հրայր Կամենադատյանը գնաճի ամենաազդեցիկ պատճառներից է համարում։ Երբ արտահանումը փակվում է, շարքային ֆերմերը հայտնվում է անելանելի վիճակում. նա չունի սեփական սառնարանային տնտեսություն կամ անմիջական մուտք դեպի խոշոր սուպերմարկետներ։ Այդ ժամանակ խաղի մեջ են մտնում խոշոր վերավաճառողները կամ միջնորդները։ Նրանք գյուղացուց ապրանքը ցածր գնով են գնում՝ օգտվելով նրա անելանելի վիճակից, շուկայում սահմանում են սեփական բարձր գինը, քանի որ վերահսկում են լոգիստիկան և իրացման ցանցերը։ Արդյունքում՝ գյուղացին տուժում է, սպառողը թանկ է վճարում, իսկ գերշահույթը մնում է մեջտեղում։ Տնտեսագետը գնաճի ևս մեկ պատճառ է համարում փոխարժեքի և դրամի արժևորման գործոնը։

«Հայաստանի պարագայում, երբ ազգային դրամը դիրքեր է ամրապնդում արտարժույթի, օրինակ՝ ռուբլու կամ դոլարի նկատմամբ, արտահանումը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Ռուսաստանում վաճառված ապրանքից ստացված ռուբլին Հայաստանում փոխարկելիս վերածվում է շատ քիչ դրամի, որը չի փակում ֆերմերի ծախսերը։ Իսկ ներքին շուկայում ծախսերը դրամով են և մնում են բարձր»։

Բացի դա, եթե հաշվի առնենք, որ գյուղմթերքը շուտ փչացող ապրանք է, և երբ այն չի արտահանվում, իսկ տեղում պահելու համար անհրաժեշտ են հատուկ սառնարանային տարածքներ, ապա էլեկտրաէներգիայի և պահպանման բարձր ծախսերը նույնպես գումարվում են ապրանքի ինքնարժեքին։ Փչացած ու աղբը նետած գյուղմքերթի գինը ֆերմերը փորձում է փոխհատուցել մնացած մասը ավելի թանկ վաճառելով՝ փոխարենը մատչելի գին սահմանի, որ ապրանքը շուտ սպառվի ու չփչանա։ Նրանք, ովքեր հատուկ սառնարաններ ունեն, շահեկան են դուրս գալիս, քանի որ մթերքի պահպանման ավելի երկար հնարավորություն ունեն և սառնարաններից աստիճանաբար հանելով միրգն ու բանջարեղենը՝ հաջողությամբ իրացնում են այն։ Ի դեպ, սառնարաններում պահելով՝ ֆերմերը, վերավաճառող ընկերությունները արհեստականորեն դիֆիցիտի կեղծ պատկեր են ստեղծում, որպեսզի  բարձր գինը նաև դրանով հիմնավորեն։ Հրայր Կամենդատյանը նաև սառնարաններում միրգը, բանջարեղենը երկարատև պահելու հանգամանքով է պայմանավորում, որ շատ դեպքերում դրանք հայկական մրգին հատուկ քաղցր համ չունեն։

 

«Օրինակ, ծիրանը դեռ չհասած քաղել են, լցրել սառնարանները, որ կարողանան երկար պահել ու վաճառքի ժամանակահատվածը ձգել, քանի որ հասած ծիրանն ավելի շուտ է փչանում, այդ պատճառով էլ միրգն ընդհանրապես համ չունի»,- կարծիք հայտնեց տնտեսագետը։

 

 Նրա հավաստմամբ՝ արտահանման շուկաների ներկա խնդիրների պայմաններում չի բացառվում, որ արդեն հաջորդ տարիներին իսկապես գյուղմթերքի դիֆիցիտ լինի երկրում, և գներն ավելի աճեն։ «Արտահանման արգելափակումը կարող է շատ կարճ ժամանակով (մի քանի օրով) էժանացնել ապրանքը ներսում, բայց միջնաժամկետ հատվածում այն քանդում է արտադրական շղթան, ինչը հանգեցնում է տեղական արտադրանքի պակասի և գների ավելի մեծ աճի։ Արտահանման ձախողումը հանգեցնում է առաջարկի կրճատման։ Երբ գյուղացին տեսնում է, որ չի կարողանում արտահանել իր բերքը կամ ստիպված ցածր գնով է իրացնում, հաջորդ ցանքսի կամ մշակման ծավալները կտրուկ կրճատում է։ Նա այլևս ռիսկի չի դիմում մեծ քանակությամբ բերք ստանալու համար։ Արդյունքում՝ ներքին շուկայում առաջանում է տվյալ մթերքի դեֆիցիտ, ինչն էլ բերում է գների ավելի մեծ աճի»,- նշեց Կամենդատյանը։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment