«Արցախի ԱԺ-ն չի կարող լուծարվել, դրա իրավունքը չունի, մենք տրամադրված ենք այնպես, որ այդ ամենը պահպանվի եւ ամեն ինչ անելու ենք դրա համար»․ Սեյրան Հայրապետյան

«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։

-Պարոն Հայրապետյան, ԱԺ նախագահի պաշտոնից Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո կան մտավախություններ, որ Արցախի խորհրդարանը չի կարողանում համախմբվել ու նախագահի նոր թեկնածու առաջադրել, ընտրություն կազմակերպել։ Քննարկումները ի՞նչ են ցույց տալիս, կա՞ կոնսենսուս, անհրաժեշտ ձայներ կապահովվե՞ն նոր նախագահ ընտրելու համար։

-Չեմ կարող ասել, որ լուրջ քննարկումներ են եղել, բայց այս պահին Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները պարոն Բաղունցն է կատարում։ Ձայն ապահովելը միանշանակ կա, եթե համապատասխան թեկնածու լինի։ Բոլորն էլ կառուցողական են տրամադրված։

Արդյոք չպե՞տք է ամեն ջանք ներդնել, որպեսզի պահպանվի Արցախի ԱԺ-ն՝ որպես այս պահին միակ լեգիտիմ պետական ինստիտուտ։

-Միանշանակ, այդ մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Դուք հավանաբար հետեւել եք, դեռեւս Արցախում եղած ժամանակ, ինչպես նաեւ բռնի տեղահանությունից հետո մեր կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը մեր տեսակետները հստակ ձեւակերպել է։ Բայց արդյունքում՝ տեսնում ենք, որ փոխըմբռնումներ չեն եղել տարբեր կողմերից։ Ամեն դեպքում մենք կողմ ենք, որ Արցախի Ազգային ժողովը պահպանվի եւ կառուցողական ենք տրամադրված։

Դուք կո՞ղմ կքվեարկեք ցանկացած թեկնածուի։

-Այո, եթե լինի թեկնածու, որը գիտակցում է իր կարողությունը, պատրաստակամությունը, մենք կառուցողական ենք տրամադրված։ Ով ոչ միայն մենք, բոլորն էլ ունեն այդ կառուցողական մոտեցումը։

Իսկ կարո՞ղ է այնպիսի սցենար լինել, որ չկարողանաք գալ համաձայնության, եւ Արցախի խորհրդարանը լուծարվի։ Արցախցիների մոտ այդպիսի մտավախություն կա այս փուլում։

-Արցախի Ազգային ժողովը չի կարող լուծարվել։ Եթե այս պահին ԱԺ նախագահ չընտրվի, Արցախի Ազգային ժողովն այս պահին միակ ընտրված լեգիտիմ մարմինն է, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք։ Ճիշտ է, մեր ժողովուրդը ամեն ինչից հիասթափվել է մի քիչ, ինչը բնական է, բայց նաեւ պետք է գիտակցեն, որ դժվար է իրականացնել այն պահանջները, որոնք երբեմն ներկայացնում են Արցախի պաշտոնյաներին, որովհետեւ ռեսուրս չկա, ոչ մի գործիքակազմ չկա։ Բայց Արցախի խորհրդարանը չի կարող լուծարվել, դրա իրավունքը չունի, մենք տրամադրված ենք այնպես, որ այդ ամենը պահպանվի եւ ամեն ինչ անելու ենք դրա համար։

-Իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչներն ի՞նչ կարծիք են հայտնում այս հարցի շուրջը։

-Ես կարծում եմ, որ բոլորն էլ կառուցողական են տրամադրված, բայց ճիշտ կլինի, որ ամեն խմբակցություն իր կարծիքը հայտնի։ Իսկ ընդհանուր քննարկումների մասին կարող եմ ասել, որ բոլորն էլ նորմալ են տրամադրված։

-Առաջիկայում ինչ է սպասվում, հնարավո՞ր է թեկնածու առաջադրվի։

-Առաջիկայում ես դեռ ոչ մի բան չեմ սպասում, մոտ ապագայում ակնկալիք չունեմ այս ոլորտում։ Բայց հուսով ենք՝ քննարկումները կշարունակվեն, մենք բաց ենք ու կառուցողական։

-Խնդիրը ո՞րն է՝ թեկնածու չկա՞, թե՞ վախեր ունեն պատգամավորները։ Կան տեսակետներ, որ Հայաստանի իշխանությունների կողմից ճնշումներ կան։

-Կոնկրետ իմ ու իմ խմբակցության մասին կարող եմ ասել՝ ի՞նչ վախենալու մասին է խոսքը։ Ես չգիտեմ, թե ընդհանուր ինչ է կատարվում, բայց կոնկրետ ինձ վրա անձնական ճնշում չկա, եթե լինի էլ, ես հաշվի չեմ առնում։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե հարցը Արցախի պետական ինստիտուտի պահպանման մասին է, ի՞նչ ճնշումներից պետք է վախենալ։ Եթե մարդը մաքուր է, իր քաղաքական անցյալը, ամեն ինչը, ինքը վախենալու բան չունի։ Տվյալ դեպքում ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում, անցյալս ու ներկաս թույլ է տալիս, որ վախենալու բան չունենամ։

Մենք ինչից վախեցել ենք, արդեն կատարվել է՝ կորցրել ենք մեր Արցախի Հանրապետությունը, մեր ծննդավայրը։ Հիմա մեր միակ ցանկությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ, ճիշտ քաղաքականություն վարի, որպեսզի հետագայում վերադարձի համար բարենպաստ դաշտ ստեղծվի։ Մենք երբեք Արցախ վերադարձի հույսը չենք կորցնում։ Ու դրա համար օրենքի շրջանակներում պատրաստ ենք ամեն քայլ իրականացնել։ Դրա մեջ մտնում է նաեւ Արցախ պետական ինստիտուտների պահպանումը։

-Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ այս պարզ գործողությունները չի կատարում Արցախի խորհրդարանը՝ հավաքվել, թեկնածու առաջադրել ու ընտրել։

-Ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել։ Եթե հարցը թեկնածու առաջադրելու մասին է, ես մեր կուսակցության տեսակետն եմ ներկայացնում, որ թեկնածու լինելու դեպքում կառուցողական ենք տրամադրված։ Եթե ԱԺ մեծամասնությունը թեկնածու առաջադրի կամ կոնսեսուսով թեկնածություն լինի, մենք միայն կառուցողական են տրամադրված։ Եվ այնպես չէ, որ եթե դա մեկ շաբաթվա ընթացքում չենք արել, վերջ, հաջորդ շաբաթ կամ հաջորդ ամիս չի լինելու։ Բայց այդ հարցերում նաեւ ունենք մեր կարծիքը, որը դեռ կարտահայտենք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սեյրան Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment