«Ինչո՞ւ չեք ասում «Արցախից բռնի տեղահանված», այլ ասում եք «Արցախից տեղափոխված» հայրենակիցներ»,- այսօր լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա իրենց կյանքում որեւէ բան փոխում է: Ցանկացած ոք կարող է իր իրավունքների համար քայլեր ձեռնարկել, մենք որեւէ մեկի իրավունքները չենք սահմանափակում: Կենտրոնացած ենք մեր հայրենակիցների՝ ՀՀ-ում ինետեգրվելու ու Հայաստանն իրենց մշտական հայրենիքը դարձնելու գործընթացների վրա, ինչը հաջողությամբ անում ենք»:
Մեկ այլ հարցին, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայաստանյան այցի ժամանակ ՀՀ իշխանությունները չպե՞տք է բարձրացնեն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը, արդյո՞ք դա առաջնային օրակարգ չպետք է լինի, Թորոսյանը պատասխանեց.
-Այդ հարցը միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում, միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում: Այդ թվում նաեւ ԱՄՆ գործող վարչակազմի, նախագահ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ: Այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները պետք է տեղի ունենան տեսախցիկների առաջ ու որեւէ կերպ բան կփոխվի Բաքվում գտնվող մեր հայրենակիցների կյանքում: Վերջին շրջանում հենց այդ վարվող քաղաքականությունն է թույլ տվել նրանցից ոմանց տեղափոխել Երեւան:
Ի՞նչ պետք է շահի ՀՀ-ն Վենսի այս այցից՝ հարցին Թորոսյանը պաատասխանեց. «ՀՀ-ն խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ հետ, ունենք արդեն ռազմավարական մակարդակի հարաբերություններ եւ դրանից բխող ոլորտային հարաբերություններ: Խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո նախորդ տարվա օգոստոսի 8-ին արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ… ԱՄՆ փոխնախագահի այցը, չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց իրականում պատմական է, երբեւէ տեղի չի ունեցել: Սա առաջին նման այցն է: Սա նորից նշան է, որ հարաբերությունները խորանում են ու խորանալու են, երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու: Մենք այդ տրամաբանության մեջ շարունակելու ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: