Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով ստացել է մի շարք առաջարկներ, սակայն դրանց բովանդակությունը դեռևս չի հրապարակվում։
«Միջնորդների կողմից առաջարկներ են ներկայացվել, մեզ դրանք փոխանցվել են, և մենք ստացել ենք դրանք։ Սակայն այս պահին թույլ տվեք չմանրամասնել։ Կարող եմ միայն ասել, որ վերջին օրերին արտաքին գործերի նախարարությունը ակտիվ աշխատանք է իրականացրել, և մի շարք միջնորդների կողմից ներկայացված գաղափարները հասել են մեզ։ Այո, դա համապատասխանում է իրականությանը», — ասել է Բաղային։
Նա չի հստակեցրել, թե որ երկրներն կամ կառույցներն են հանդես եկել միջնորդի դերում, ինչպես նաև չի բացահայտել ներկայացված առաջարկների բովանդակությունը։
Միաժամանակ Բաղային, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Խարկ կղզու հնարավոր գրավման վերաբերյալ հնչող հայտարարությունները, նշել է, որ Իրանի կղզիների բնակիչները պատրաստ են դիմակայել ցանկացած ցամաքային գործողության։
«Կարծում եմ՝ այնտեղ կան բազմաթիվ մարդիկ, որոնք սպասում են, որպեսզի «ջերմ ընդունելություն» կազմակերպեն ամերիկացի զինվորների համար», — հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ակնարկելով երկրի տարածք հնարավոր ներխուժման դեպքում սպասվող դիմադրությունը։