Տեմպը պահե՛ք, բոլորը պետք է պահպանեն խաղի նոր կանոնները․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի հուլիսի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների կանխարգելման, շինարարական հրապարակների վերահսկողության և ինքնակամ կառույցների ապամոնտաժման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ապօրինի շինարարությունների և հողազավթումների դեպքերով կազմվել է 85 վարչական արձանագրություն, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է 26-ով։

Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտումների համար կազմվել է 15 արձանագրություն, իսկ շինարարական հրապարակներում սահմանված պահանջների չպահպանման դեպքերով՝ 80 արձանագրություն, ինչը 52-ով գերազանցում է նախորդ հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը։

Արձանագրությունների զգալի մասը վերաբերում է շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի, օդի աղտոտվածությունը չափող սարքերի և այլ պարտադիր միջոցների բացակայությանը։

Զեկույցի համաձայն՝ առանց շահագործման թույլտվության շինություններ օգտագործելու համար կազմվել է 5 արձանագրություն, իսկ ապօրինի շինությունների, ավտոտնակների և կրպակների ապամոնտաժման ուղղությամբ իրականացվել է 58 աշխատանք, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 26-ով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց որ շինարարական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը շարունակվելու է նույն խստությամբ։

«Այս տեմպը պետք է պահպանվի, մինչև սկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև սկսենք տեսնել, որ քաղաքում իրականացվող բոլոր շինարարությունները՝ լինի ենթակառուցվածքային, թե շենքերի կառուցման, պահպանում են ավագանու որոշման բոլոր կանոնները։ Այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք նույն կերպ, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a comment