Բաքվի ճնշմամբ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը հանել է Քնեսեթի օրակարգից․ Haaretz

Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը չի դրվել Քնեսեթում քվեարկության՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով։ Այս մասին իսրայելական աղբյուրը հայտնել է Haaretz-ին։

Աղբյուրը գնահատել է, որ Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջ քաշված քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի  վարչապետի գրասենյակի հետ։ Լրատվամիջոցը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունը դրանից հետո Ադրբեջանի պաշտոնյաներին հայտնել է, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից, հետևաբար, չի ներառվի ամառային արձակուրդներից կարճ ժամանակ առաջ կայացած քվեարկությունների շարքում։

Պատասխանելով Haaretz-ին՝ Սաարի գրասենյակը հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, սակայն այլ բացատրություն չի ներկայացրել, թե ինչու այն չի ներկայացվել Քնեսեթին։

«Կա կառավարության որոշում [ցեղասպանությունը ճանաչելու], և այն հաստատվել է միաձայն։ Այն չի փոխվի, և սա կարևոր ու պատմական փաստ է»,- ասվում է Սաարի հայտարարությունում։

Հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին՝ հոդվածում ասվում էր, որ Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին և, որպես արդյունք, նախաձեռնությունը դադարեցվել և փաստացի «թաղվել»։ Բացի այդ, ըստ աղբյուրի, քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում առաջարկի վերակենդանացումը կանխելու համար։

Անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Իր հայտարարության մեջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ ճանաչումը հավասարազոր է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերի աղավաղման» և «բարդ պատմական հարցը վերածում է քաղաքական որոշման՝ առանց ամուր իրավական կամ գիտական ​​հիմքի»։ Այն հավելել էր, թե նման քայլը չի ​​նպաստի հաշտեցմանը կամ փոխըմբռնմանը, հակառակը, կխորացնի առկա տարաձայնությունները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։ Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել ինքնիշխանության և միջազգային իրավունքի պաշտպանության հետևողական դիրքորոշումը։

Haaretz-ն ընդգծում է, որ չնայած որոշումը, ի վերջո, քվեարկության չի դրվել Քնեսեթում, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է  ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին, երբ Ալիևը Բաքվում հյուրընկալել է Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆային։

Ադրբեջանի նախագահականի կողմից տարածված հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկիրն աջակցում է Պաղեստին  պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, անգլերեն մի հատվածում քաղաքն անվանվում է «Ալ-Քուդս ալ-Շարիֆ», որը նշանակում է «Սուրբ Երուսաղեմ»՝ Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է օգնել պաղեստինցիներին, այդ թվում՝ UNRWA փախստականների գործակալության միջոցով, հավելելով, որ երկիրը նախատեսում է ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ վերջին տարիներին Իսրայելը Բաքվին համարում է իր ամենակարևոր գործընկերներից մեկը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային մակարդակով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակ Իսրայելը Ադրբեջանին զենքի տեսքով օգնություն էր ցուցաբերում։ Մարտական ​​գործողությունների մեկնարկից հետո Haaretz-ը հաղորդել էր Էյլաթի մոտ գտնվող Օվդա ավիաբազա ադրբեջանական բեռնատար օդանավերի չվերթների աճի մասին: 2023 թվականին Haaretz-ի հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանն իսրայելական զենք է ներմուծում Օվդայի միջոցով, CNN-ն էլ ավելի ուշ հաղորդել էր, որ Իսրայելը վերջին պատերազմի ժամանակ հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը չեն արձագանքել Haaretz-ի մեկնաբանության խնդրանքներին։

Անցյալ տարի Նեթանյահուն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը պահպանողական ամերիկացի գործարար Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ պոդքաստի ժամանակ։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու վերաբերյալ Բեթ-Դեյվիդի տարակուսանքին ի պատասխան՝ Նեթանյահուն ասել էր, որ «կարծում է, որ Քնեսեթը բանաձև է ընդունել այս հարցի վերաբերյալ»։

Փաստացի, Քնեսեթը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև 2011 թվականից ի վեր այն մի շարք քննարկումներ է անցկացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment