Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրին, որ երկշաբաթյա ժամանակահատվածում մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացվել է 11,519 աղբամանների սպասարկում և փողոցների մաքրություն՝ վեցօրյա գրաֆիկով: Ինչ վերաբերում է «Երևանի ավտոբուս» ընկերությանը, նշվեց, որ 76 երթուղիներում սպասարկվել է ընդհանուր առմամբ 9332 միավոր շարժակազմ՝ 9382-ի փոխարեն:
Ավինյանին զեկուցեցին նաև, որ «Parking City Service» ՓԲԸ-ի հետ համատեղ ուսումնասիրվում են ընկերության տնօրինության տակ գտնվող կայանատեղիների ենթակառուցվածքներից տվյալների ստացման և Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալների պահոցին ինտեգրման հնարավորությունները:
Ի թիվս այլնի, անդրադարձ եղավ նաև ինքնակամ շինություններին: Ավինյանին տեղեկացրին, որ իրականացվել են 28 ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքներ:
Ներհամայնքային տրանսպորտում թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ էլ տեղեկացրին, որ կազմվել է թվով 2160 տուգանքի որոշում: Ինչ վերաբերում է գովազդային վահանակներին, զեկուցեցին, որ ապամոնտաժվել է 646 գովազդային վահանակ և մեկ վագոն-տնակ:
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսվեց նաև չորրորդ աստիճանի ռիսկայնություն ունեցող, ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի շինարարության ընթացքում անհրաժեշտ փոշեկլանիչ ցանցերի կամ օդի աղտոտվածությունը չափող, ինչպես նաև խոնավացնող սարքերի բացակայության հիմքով իրականացված վարչարարությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների մասին:
Քաղաքապետին զեկուցեցին, որ քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է 85 արձանագրություն: «Այս տեմպը, կարծում եմ, պետք է պահպանվի, մինչև չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, արվող շինարարությունները պահպանում են ավագանու որոշման բոլոր կանոնները: Այսինքն՝ այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները պետք է պահպանեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: