ԱՄՆ փոխնախագահ Վենսը չորրորդ անգամ հայր է դարձել

Բաժանորդագրվել

Տղային անվանակոչել են Ալեք Նիլ Վենս։ Նա երկու եղբայր և մեկ քույր ունի։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է որդու՝ չորրորդ երեխայի ծննդյան մասին։

«Ուրախ ենք հայտնել, որ այսօր առավոտյան ծնվեց մեր որդին՝ Ալեք Նիլ Վենսը։ Ուշան և երեխան առողջ են և լավ են զգում իրենց, մեր երեխաները անհամբեր և մեծ ուրախությամբ ողջունում են իրենց կրտսեր եղբորը», – գրել է նա Х–ում։

Փոքրիկը ծնվել է Բեթեսդայի Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում։

Վենսը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին և Սպիտակ տան բուժանձնակազմին՝ իր կնոջ և նորածնի համար հոգ տանելու համար։

Սպիտակ տան պատմական ասոցիացիայի տվյալներով՝ սա վերջին 155 տարիների ընթացքում ԱՄՆ պատմության մեջ բավական հազվագյուտ իրադարձություն է։ Վերջին անգամ գործող փոխնախագահը երեխա է ունեցել 1870 թվականին, երբ փոխնախագահ Սքայլեր Քոլֆաքսը և նրա երկրորդ կինը՝ Էլլեն Ուեյդը, ունեցան իրենց որդուն՝ Սքայլեր Քոլֆաքս III-ին: Մինչ այդ՝ 1829 թվականին, փոխնախագահ Ջոն Ք. Քալհունը ևս երեխա էր ունեցել պաշտոնավարման ընթացքում:

Փոխնախագահը և նրա կինը արդեն երեք երեխա են դաստիարակում՝ որդիներ՝ Էվանին (2017 թվականին ծնված) և Վիվեկին (2020), և դստերը՝ Միրաբելին (2021):

Վենսը հղի կնոջ՝ Ուշայի հետ, Հայաստան էր այցելել այս տարվա փետրվարի 9-ին: Ջեյ Դի Վենսը և հնդիկ ներգաղթյալների դուստր Ուշա Վենսը ծանոթացել են Ելիի իրավաբանական դպրոցում սովորելու տարիներին: Նրանք ավարտել են այն 2013 թվականին և մեկ տարի անց ամուսնացել:

Leave a comment