Anthropic-ը Meta-ի հետ քննարկում է 10 միլիարդ դոլարի հաշվարկային հզորությունների վարձակալությունը

Արհեստական բանականության մշակմամբ զբաղվող Anthropic ընկերությունը նախնական բանակցություններ է վարում Meta կորպորացիայի հետ՝ հաշվարկային հզորությունների վարձակալության շուրջ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Մոտ 10 միլիարդ դոլար արժողությամբ հնարավոր պայմանագրի մասին տեղեկություններից հետո տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը վերականգնել են օրվա ընթացքում գրանցած անկումը։

Nvidia-ի չիպերի պակասը շարունակում է լուրջ խնդիր մնալ ոլորտի համար, ինչի հետևանքով Anthropic-ը ստիպված է սահմանափակել իր առաջատար արհեստական բանականության մոդելների, այդ թվում՝ Fable-ի օգտագործումը։

Մայիսին Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է մուտք գործել ամպային հաշվարկների շուկա՝ արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարված ներդրումները եկամտաբեր դարձնելու նպատակով։ Ակնկալվում է, որ 2026 թվականին այդ ուղղությամբ Meta-ի ծախսերը կարող են հասնել մինչև 145 միլիարդ դոլարի։

Անցյալ տարվա հոկտեմբերին Ցուկերբերգը նշել էր, որ երրորդ կողմի ընկերությունները պարբերաբար հետաքրքրվում են, թե արդյոք Meta-ն ունի հաշվարկային հզորություններ, որոնք նրանք կարող են ձեռք բերել հավելավճարով։

Մի քանի շաբաթ առաջ Anthropic-ը նմանատիպ համաձայնագիր էր կնքել SpaceX-ի հետ՝ Colossus 1 տվյալների մշակման կենտրոնի ռեսուրսներն օգտագործելու համար՝ իր վճարովի բաժանորդներին սպասարկելու նպատակով։

Ամպային ծառայությունների նոր ուղղությունն ուժեղացնելու նպատակով Meta-ն նախատեսում է ենթակառուցվածքների ղեկավար նշանակել Amazon Web Services-ի նախկին բարձրաստիճան ղեկավար Դեյվ Բրաունին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment