Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Վիտալի Իվանի Յակուբովը ծնվել է 1995 թ․ հուլիսի 19-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղում։ Իվան և Թագուհի Յակուբով ամուսինները, իմանալով Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման մասին, 1997 թվականին 4 որդիների՝ Աշոտի, Լազարի, Աշուրի և Վիտալիի հետ տեղափոխվեցին Արցախ և բնակություն հաստատեցին Բերձոր քաղաքում։ Այստեղ ծնվեց Յակուբովների դուստրը՝ Սոսյան։
Բերձորում հասակ առան Յակուբով եղբայրները, սովորեցին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Կրտսեր որդին՝ Վիտալին, դպրոցում սովորեց 9 տարի։ Այնուհետև ընտրել է խոհարարի մասնագիտությունը, ավարտել է նաև Բերձորի արվեստի դպրոցի ակորդեոնի բաժինը։
2013 թ․ հուլիսի 29-ին զորակոչվեց Հայոց բանակ, նոր էր լրացել 18-ը։ Զինկոմիսարիատում զրուցեցի հետը։ Ասաց՝ երկրի պաշտպան է դառնալու։ 2015-ին զորացրվեց։ Իվանն ու որդիները դարձան Բերձորը շենացնողներ, շինարարներ։ Թագուհին աշխատում էր դպրոցում և աշակերտների սիրելի Թաքուշ մորաքույրն էր։ 2016 թ․ ապրիլին տղաները, նաև Վիտալին, մասնակցեցին Քառօրյա և հետագա մարտական գործողություններին, Վիտալին պարգևատրվեց «Արիություն» մեդալով։
Պատերազմն ավարտվեց, ու տուն եկան ու շարունակեցին իրենց բարի գործը։ Աշոտն ընտրեց զինվորականի մասնագիտություն։ Իսկ Վիտալին զբաղված էր շինարարությամբ, խոհարարությամբ, բերձորցի Մերիի հետ ընտանիք կազմեց։ 2018-ին ծնվեց դուստրը՝ Մարին, ով այժմ հաճախում է Քասախ գյուղի միջնակարգ դպրոց։ Երջանիկ էր իր ընտանիքով, աշխատում էր, որ տուն կառուցեր Բերձորում։
Սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրը շատ քաշաթաղցիներ մեկնեցին առաջնագիծ, հոկտեմբերի սկզբին, որպես պահեստազորային, Ջաբրայիլ հասավ նաև Վիտալին։ Այդ օրերին ամենածանր տեղանքներից մեկն էր Արցախի հարավային սահմանը, և շատ հայորդիներ նահատակվեցին։ Հոկտեմբերի 10-ին մարտական գործողություն կատարելիս զոհվեց Վիտալին։ Նույն օրը Հադրութի տարածքում հերոսաբար նահատակվեցին նաև բերձորցիներ Վրեժ Պողոսյանն ու Մնացական Հարությունյանը։
Վիտալիին հուղարկավորեցին Աբովյանում՝ Սարալանջի հանգստարանում։ Եղբոր հուղարկավորությունից հետո կամավոր մարտադաշտ մեկնեց նաև Աշուրը։ Շուշիի պաշտպանների շարքերում էր։ Այստեղ ընթացող ծանր մարտերի մասնակիցը հիվանդացավ, բուժվեց։ 2020 թ․ նոյեմբերին նախկին բնակավայր վերադարձան Յակուբովները։
Բերձորի Վ․ Թեքեյանի անվ․ թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը ցավով է պատմում իր սանի՝ Վիտալիի մասին, ով դպրոցական տարիներին էլ աչքի էր ընկնում իր բարի ու համեստ բնավորությամբ, մասնակցում էր հանդեսներին, նվագում իր սիրելի երաժշտական գործիքը՝ ակորդեոնը։
Դպրոցի շատ շրջանավարտներ մասնակից եղան 44-օրյա պատերազմին, 6 հոգի նահատակվեցին, 3-ը վիրավորվել էին։
Մայրը՝ Թագուհին, կարոտով է պատմում որդու մասին, ով պատրաստակամորեն մեկնեց առաջնագիծ, կռվեց հերոսաբար ու նահատակվեց։ Ցավով է տանում այն, որ ստիպված լքեցին Բերձորի իրենց տունը, որտեղ հասակ առան զավակները, իրենց հոր հետ վերակառուցեցին, այժմ դատարկ է։
Զոհրաբ Ըռքոյան