«Ակնհայտ է՝ որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր՝ առաձին վերցված, ի վիճակի չէ հաղթահարել մեզանում ստեղծված այս խորքային ճգնաժամը։ Մեր առջև բազմաշերտ սպառնալիքներ և մարտահրավերներ են»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի ժամանակ վստահեցրեց դիվանագետ Ռուբեն Կարապետյանը։
Ըստ նրա՝ մեզ անհրաժեշտ են արագ, խորքային և համակարգային փոփոխություններ․ «Միասնական հայություն՝ ոչ միայն մեզ կապող անցյալով, այլև ներկայիս՝ իրար համալրող շահերի առկայությամբ և ապագայի հավաքական տեսիլով։ Երկար ժամանակ՝ հատկապես վերջին տարիներին, տարբեր ապազգային, երբեմն հակապետական բջիջներ են ներարկվել մեր հասարակական մարմնի մեջ, որը, լինելով բարդ կառույց, մշտական փոխակերպման ենթակա, մեր դեպքում ընթացել է բացասական ուղղությամբ։ Համահայկական հասարակական դաշինքը փորձելու է իրականացնել հասարակությանը միավորելու, պետականակենտրոն, հայակերտ, հայամետ քաղաքականություն»։
Ներկայացնելով Դաշինքի սկզբունքները՝ Ռուբեն Կարապետյանը հայտարարեց․ «ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը չի կարող հանդիսանալ որևէ սակարկության առարկա։ ՀՀ-ի՝ միջազգայնորեն սահմանված և պատմական տարածքները պետք է պաշտպանվեն ռազմավարական հստակությամբ և աննահանջ վճռականությամբ։ ՀՀ կառավարության կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում ու գործողություն պետք է առաջնորդվի բացառապես հայ ազգի ու հայկական պետականության գերագույն շահերով»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: