Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հաճախ կարելի է հանդիպել «ձայների փոշիացման» անթույլատրելիության վերաբերյալ մեկնաբանությունների։ Դրանք մեզ հուշում են, որ երբեմն նույնիսկ քաղաքականության մեջ թրծված կամ նույնիսկ ոլորտային բարձրագույն կրթություն ստացած ոմանք նվազագույն իսկ պատկերացում չունեն այդ միջոցառման քաղաքական նպատակի ու փիլիսոփայական իմաստի մասին։ Գուցե դա զարմանալի չէ, քանի որ որպես քաղաքական իրադարձություն ընտրությունները մեզ մոտ հարաբերականորեն նոր են սկսել որպես սովորական պրակտիկա կիրառվել։ Բայց մի՞թե տասնամյակների փորձը մեզ բավարար չէր։ Ամեն անգամ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում, սակայն քաղաքական արատավոր ավանդույթը չի դադարում գոյություն ունենալ՝ ամեն հերթական անգամ հանգեցնելով նոր ու զուր բանավեճերի։ Վշտացնողն այն է, որ դա նաև քաղաքացիների ընտրական վարքի վրա է բացասական ազդում՝ ստիպելով ընտրությունը կատարել ապագաղափարական հիմքով։ Կարծում եմ՝ իմաստ ունի մեկ անգամ ևս հանգամանալից անդրադառնալ այս հարցին։ Այն կարող ենք քննել երեք՝ պետական և ընտրական համակարգերի, ընտրվողի և ընտրողի տեսանկյուններից։
Առաջինը՝ պետական ու ընտրական համակարգերի տեսանկյունից։ Պետության կառավարման ազատական-ժողովրդավարական մոդելը եկել է փոխարինելու թագավորական կարգերին, որտեղ եկեղեցին կառավարման համար, Աստծո անունից, երկրի վրա նրա փոխանորդ էր հռչակում։ Երևույթը կենցաղային լեզվով նկարագրելիս շատ հեշտ է պատկերացնել։ Թագավորը եկեղեցուն «լավ աչքով էր նայում», հող, կալվածքներ և այլ արտոնություններ էր տալիս, եկեղեցին էլ դրա դիմաց պնդում էր, որ «Աստծոն հաճելի է, որ հենց տվյալ ընտանիքը տվյալ տարածքի վրա իշխելու իրավունք ունենա» և որ «ամեն իշխանություն Աստծոց է»։ Այստեղ հպատակների կարծիքը հարցնող չկար։ Եթե հարց ունես կամ համաձայն չես, քեզ կախաղան է սպասվում կամ գլուխդ կթռցնեն։ Այս կարգերին մարտահրավեր նետեցին բողոքականները։ Եթե շատ մանրամասներ դեն նետենք, սրանք եկեղեցու այդ առանցքային դերը մերժում և, հատկապես քաղաքական հարցերում, գերադասում են իրենք իրենց աստծո հետ ուղիղ առնչվել։ Նրանց այս քաղաքական դիրքորոշման փիլիսոփայական հենքը հետևյալն է․
ա) Եկեղեցու գործը հոգևոր ծառայություն մատուցելն է, թող դրանով էլ շարունակի զբաղվել։ Եկեղեցին անջատ է պետությունից, և մեր քաղաքական հարցերը մենք առանց հոգևորականների էլ գլուխ կբերենք, իհարկե՝ Աստծո անմիջական օգնությամբ և օրհնությամբ։
բ) Աստված յուրաքանչյուրին մեր մեղավոր աշխարհ է ուղարկում հավասար իրավունքներով։ Ոչ ոքի արյունը կապույտ չէ և ոչ ոք ի ծնե իշխելու իրավունք չունի։
գ) Աշխարհ եկած յուրաքանչյուրը կարող է ի՛ր կարծիքն ունենալ ճշմարտության մասին, բայց ոչ ոք աստվածային ճշմարտության կրողը չէ։
Այս վերջին թեզը առանցքային նշանակություն ունի քննարկման դրված մեր թեմայի համար։ Այն դառնում է մեր առօրյա կենսագործունեության սկզբունքներից մեկի հիմքը։ Եթե ոչ ոք աստվածային ճշմարտության կրողը չէ, ապա յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա լսելի կարծիք հայտնել, որպեսզի մյուսները կարծիքների այդ բազմազանության մեջ կարողանան գտնել այն մի կարծիքը, որը մյուսներից ավելի մոտ է աստվածային ճշմարտության վերաբերյալ իրենց պատկերացումներին։ Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ամենաթույլ հնչող ձայնը հենց այդ ճշմարտությունն ավետողը չէ, կամ մյուս ձայնը, որի հետ կտրականապես համաձայն չէր մեծամասնությունը։ Մեծամասնությունը կարող է սխալվել, մոլորության մեջ լինել, իսկ այդ մեկը կամ քչերը՝ ճիշտ։ Հետևաբար, մարդիկ որոշել են, որ իրենց հանրության մեջ պետք է հնչեն բոլո՛ր կարծիքները և մյուսներն ազատ են ընտրություն կատարել դրանց մեջ։ Այստեղից էլ ծնվում են ժամանակակից պետությունների ճնշող մեծամասնության սահմանադրությունների մեջ ամրագրված խոսքի ազատության և ազատորեն ընտրություն կատարելու իրավունքները։ Հայաստանում էլ այդ իրավունքներն ամրագրված են նույն կերպ և, կարծես, ոչ ոք չի վիճարկում դրա ողջամտությունը։
Ներկայումս ընտրություները ճշմարտության փնտրտուքի գործընթացների պետականորեն կանոնակարգված տարբերակն է։ Մարդիկ կամ կազմակերպված խմբերը հանդես են գալիս ճշմարտության մասին իրենց քարոզով և կարծիքների այդ բազմազանությունից քաղաքացիներն ընտրում են այն, որ իրենք ամենաճիշտն են համարում։ Կարևոր է հասկանալ, որ ընտրությունների եւ դրանում մարդու մասնակցության նպատակը ոչ թե գործող կառավարիչներին փոխելն է, այլ երկրում յուրաքանչյուր քաղաքացու կամքին ու պատկերացումներին համապատասխանող միջավայրի ձևավորումը։ Սրանք թեև իրար հետ սերտ առնչություն ունեցող, բայց գործողությունների տրամագծորեն հակառակ վեկտոր ունեցող խնդիրներ են, որոնց լուծումը դրված է ընտրող քաղաքացու պատասխանատվության վրա։
Ընտրողը, մանավանդ այն քաղաքացին, որն իրապես ուզում է երկրում կառավարություն և միջավայր փոխել, ամենաշահագրգռված կողմն է, որպեսզի հնարավորինս բազմազան կարծիքներ լսի այն ապագայի մասին, որում քարոզիչներն իրեն փորձում են համոզել։ Նորից՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ամենաթույլ հնչող ձայնը կամ փոքր ռեսուրսներ ունեցող մեկը չի, որ լավագույն լուծումներն է առաջարկում քաղաքացիներին։ Ընտրությունների նպատակը հենց այդ բոլոր ձայները ի մի բերելն է և դրանց միջև ընտրություն կատարելը։ Այդ դեպքում ինչո՞ւ է «ձայներ փոշիացնելու» այդ թեզը անընդհատ քննարկման առարկա դառնում։
Մարդկության կողմից ընտրությունների կազմակերպման և անցկացման պատմությանը զուգահեռ ի հայտ են գալիս այդ ընտրություններում հաջողելու նորանոր քաղաքական տեխնոլոգիաներ։ Այս թեզը շրջանառելն էլ այդպիսի տեխնոլոգիաներից մեկն է։ Քաղաքական այդ քվազի-«ճշմարտությամբ» աճպարարությունները մի նպատակ ունեն՝ քաղաքական մանիպուլյացիաների միջոցով ստացվող քվեները կոնսոլիդացնել ի օգուտ դաշտի խոշոր խաղացողների։ Դրանք մարդու մեջ մեղքի կեղծ զգացում են սերմանում, որ ձայնը չտալով խոշորին և, հակառակը, քվեարկելով իր համակրած ուժին (եթե այն փոքր է՝ անցողիկ շեմը հաղթահարելու մշուշոտ հեռանկարներով), նա պետության և հանրության դեմ «հանցանք» է գործում։
Մեզ անդադար փորձում են համոզել, որ մեր միակ ու անգին քվեն պետք է վստահել կենտրոնացած մեծ ուժի, այլապես սխալ կգործենք՝ «ձայնը կփոշիանա»։ Պետք է ձայնը տալ նրան, որպեսզի նա կարողանա տապալել ջրի աղբյուրը փակած «վիշապին»՝ նույնիսկ առանց հաշվի առնելու նախընտրական ծրագրերը, արժեքներն ու իրական նպատակները։ Էլի՝ ընտրությունը դիտվում է ո՛չ թե որպես ծրագրերի (բազմազան ճշմարտությունների) միջև ընտրություն, այլ պայքար «հնի» դեմ։ Այս խոշոր ուժերի ձեռքում կենտրոնացած մեդիան խոշոր կապիտալի անձնական ու խմբային շահերից ելնելով, նախապես «նշանակում» է «ֆավորիտներին» ու «պարտվողներին»։ Հենց տեղեկատվական այսպիսի դաշտում էլ քաղաքականությունը շարունակաբար պտտվում է բազմակի օգտագործումից հալումաշ եղած «քաղաքական» հնաբնակների շուրջ։ Միևնույն գործիչները տարբեր ամպլուաներով շարունակաբար ներկայանում են հանրությանը և ընտրական մի շրջանից մյուսը տարբեր, երբեմն նույնիսկ գաղափարապես իրար հակասող քաղաքական առաջարկներ անում։
Սա միայն հայկական երևույթ չէ, և ընտրություններում կիրառվող միակ տեխնոլոգիան չէ։ Դրանց կիրառությունը անընդհատ խեղաթյուրում է թե՛ ընտրությունների նպատակներն ու իմաստը, թե՛ վերջնարդյունքներն այն աստիճանի, որ մարդիկ տեսնում են՝ շարունակաբար անցկացվող ընտրությունների արդյունքներով իրապես ոչինչ չի փոխվում։ Ընդհանրապես, ներկայացուցչական ժողովրդավարության արդյունավետությունն է արդեն կասկածի տակ դրվում։
Հիմա իմաստ ունի՞ քննել, թե իրերի այս դասավորության դեպքում ինչ ասել է «ձայներ փոշիացնել»։ Սոցիալ-քաղաքական այն նպատակներն ունենալու դեպքում, որոնք իրականացնելու համար ընտրությունների ինսիտուտն ընդհանրապես մեր կյանքի մաս է դարձել, ոչ մի ձայն չի կարող փոշիանալ։ Ավելին, նման խոսույթը դեմ է միջոցառման նպատակին՝ նրան, ինչի համար միջոցառումը պետական մակարդակով կազմակերպվում է։ Քանի որ ընտրությունները հենց կարծիքների բազմազանությունը լսելի դարձնելու և դրանցից ազատորեն ընտրություն կատարելու իմաստն ունեն, ապա «ձայների փոշիացման» դեմ պայքարը պարզապես որոշ կարծիքներ լռեցնելու փորձ է։ Եթե ավելի խիստ դատենք, ապա դա հարված է հանրապետության ժողովրդավարական կայացման ուղիղ հիմքին։ Այդուհանդերձ, վստահ եմ, որ այդ հարվածների ճնշող մեծամասնությունը նպատակաուղղված, թիրախային հարվածներ չեն, այլ քաղաքական ավանդույթների պակասի և քաղաքական գործընթացների վերաբերյալ արատավոր, կարծրատիպային մտածողության հետևանք։
Եթե դուք, այնուամենայնիվ գնացել եք ընտրության և ձեր մի ձայնը տվել այն ուժին, որի գաղափարներն ու արժեքները «անզգուշություն եք ունեցել» համակրել, ապա օրվա խորհրդի իմաստով դա ամենաարդար բանն է, որ ձեզ հետ կարող է տեղի ունենալ։ Ու հակառակը, տիեզերական անարդարություն կա նրա մեջ, որ դուք «ձայների փոշիացման» ինչ-որ անհասկանալի երևույթից վախեցած ձեր ձայնը տաք նրանց, որոնք իրականում ձեր աջակցությունը չունեն։ Դա ոչ միայն երկրի կառավարման ղեկը հանձնում է ի սկզբանե ձեր աջակցությունը չվայելող ուժի, այլև մյուսին՝ նրան, ում դուք իրականում աջակցում էիք, զրկում է մոտիվացիայից և պայքարը շարունակելու հնարավորությունից։
Հետևանքը՝ «Լե՛-վո՛ն, հե՛-ռա՛-ցի՛ր…», «Ռո՛-բի՛կ, հե՛-ռա՛-ցի՛ր…», «Սե՛ր-ժիկ, հե՛-ռա՛-ցի՛ր…», «Նի-կո՛լ, հե՛-ռա՛-ցի՛ր…»։ Ընտրություններից մինչև հերթական «հեռացիրը» միջինում մեկ-երկու տարի է տևել։ Մենք պարբերաբար ընտրել ենք, շատ շուտ համոզվել սխալ ընտրության հարցում և ընտրվողների կառավարման հաջորդ ողջ շրջանում պայքարել այդ ուժը կամ անձին փոխելու համար։ Մեր քաղաքական ընտրության ավելի քան երեք տասնամյակների փորձառությունը սա՛ է։ Մենք ուրիշ քաղաքական փորձառություն չունենք։ ԵՎ այս պրակտիկան ցիկլիկ բնույթով անընդհատ շարունակվել է ավելի քան երեք տասնամյակ։ Մենք հակված ենք ում ասես մեղադրել՝ այդ ուժերին, ժամանակի ընդդիմությանը, ռուսներին, թուրքերին, ընտրակեղծիքները, տարվա եղանակը, կուսակցություններին՝ առանձին-առանձին և միասին վերցրած, անկախությունը, ժողովրդին, չինական հորոսկոպը, բայց ընտրություն կատարելու մեր չափորոշիչները երբեք հարցականի տակ չենք դրել։ Մինչդեռ ընտրությունները ճշմարտության փնտրտուքի գործընթաց է, ինչը իրականանում է արժեքների ու ծրագրերի ընտրության միջոցով։
«Ձայների փոշիացման» մեղադրանքը հիմնականում ուղղվում է քաղաքական նոր և/կամ փոքր ուժերին։ Եկեք նրա՛նց դիրքից նայենք այս հարցին։ Ենթադրենք, մենք մի խումբ համախոհներով մեր քաղաքական միջավայրը բարենորոգելու ինչ-որ նոր ծրագիր ունենք։ Այն հանրությանը հասու դարձնելու և քարոզելու համար կա պետական միջոցառում, որը հատուկ այդ նպատակով կազմակերպվում է մեր հանրային միջոցներով, նախապես որոշված ժամկետներում։ Թե՛ առանձին վերցրած որևէ անհատ, թե՛ այդ խումբն այդ ծրագրերի ընդունելի լինելու մակարդակը կարող են և պե՛տք է ստուգեն՝ հաշվի առնելով այդ միջոցառման ժամանակ հավանություն արժանանալու աստիճանը, որ չափվում է ծրագիրն իրականացնելու համար ստացած քվեների հանրագումարով։ Գուցեև այդ ծրագիրը ներկայացման պահին ժամանակավրեպ լինի, և դրա ճշմարտացիության մեջ հանրությունը միանգամից չհամոզվի, և պետք լինի երկրորդ, երրորդ, չորրորդ փորձը։ Գուցե հենց առաջին փորձը հաջող ստացվի կամ այն երբեք էլ բավարար աջակիցներ չգտնի։ Սա՛ է մեկնարկային կետը։ Այդպիսին են խաղի կանոնները քաղաքական նպատակներ ունեցող խմբերի համար, որոնք նույնն են մեծերի ու փոքրերի, հայտնի ու անհայտ խմբերի, մեծ ռեսուրսներով և համեմատաբար նվազ միջոցներ ունեցողների համար։ Ինչո՞ւ խոշոր խաղացողներին կարելի է գործել այս համընդհանուր կանոններով, իսկ փոքրերին՝ ոչ։
Եթե ես գոյություն ունեցող քաղաքական առաջարկներից ինձ հարազատը չեմ գտնում, ապա ինչո՞ւ պետք է համակերպվեմ այդ վիճակի հետ և չփորձեմ ի՛մ մտքերն առաջարկել լայն քննարկման և դրանց վերաբերյալ ընտրություն կատարելու համար։ Ինչո՞ւ ես պետք է խուսափեմ քվես տալ ինձ հարազատ գաղափարներ ունեցողներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է՝ նրանք անցողիկ շեմը չեն հաղթահարի։ Որտե՞ղ է դրա տրամաբանությունը։
Հիմա, այդ խմբին ի՞նչ են առաջարկում «ձայների փոշիացման» դեմ հանդես եկողները։ Լռե՞լ։ Երբեք չսկսե՞լ իրենց ծրագիրը քարոզել, եթե հաջողության հարցում երկաթբետոնե երաշխիքներ չունեն։ Ի վերջո, ինչպե՞ս ու ի՞նչ մեթոդներով են նրանք ֆիլտրում՝ որ գաղափարը արժե՛ ներկայացնել հանրությանը, իսկ որը՝ ոչ։ Ինքնավստահության ի՜նչ մակարդակ պետք է ունենա «ձայների փոշիացման» դեմ պայքարողը, որ այդպիսի ընտրություն կատարելու և անբեկանելի վճիռ կայացնելու իրավունք վերապահի իրեն։
Եթե գաղափարների լավ կամ վատ լինելը որոշելու են այն ներկայացնողի հեղինակությունը կամ նրա նկատմամբ իրենց վերաբերմունքը հաշվի առնելով, ապա մեր նույն այս (ապա)քաղաքական վիճակը շարունակվելու է մինչև մենք սովորենք քաղաքականապես հասուն ընտրություն կատարել։ Բայց մի ուրիշ, ավելի վատ տարբերակում մեր ընդհանուր քաղաքական կյանքում որևէ փոփոխություն անհնար է, քանի որ քաղաքական հնաբնակները, տրամաբանորեն, փորձառության առումով ակնհայտ առավելություն ունեն նորեկների նկատմամբ։ Դա մի վիճակ է, երբ Խորհրդային Միության օրինակով, պետք է հագնես, կարդաս, ուտես, դիտես և, վերջապես, ընտրես այն, ինչ քո փոխարեն նախապես որոշել է կոմունիստական կուսակցությունը։
Եթե մենք պարբերաբար սխալ ենք ընտրում, գուցե կարելի՞ է մտածել այդ ընտրության հիմքում ընկած չափորոշիչները փոխելու մասին։ Օրինակ՝ ընտրությունը կատարել հռչակված արժեքների նկատմամբ քաղաքական ուժի հավատարմությունը և դրանց նկատմամբ սկզբունքայնությունը հաշվի առնելով, ոչ թե ուժի տնօրինած ռեսուրսների մաթեմատիկական հաշվարկի հիման վրա։ Կամ ընտրությունը կատարել ծրագրերը կարդալուց և դրանց հետ համաձայնելուց հետո, ոչ թե ինչ-որ անհայտ մեխանիզմներով հաշվարկելով խորհրդարան անցողիկ շեմը հաղթահարելու շանսերը։
Եվ վերջում, զվարճալի է, որ «ձայների փոշիացման» գոյություն չունեցող երևույթին տվել են այնպիսի անուն, ինչը ֆիզիկապես չի կարող գոյություն ունենալ։ Ձայնը մեխանիկական ալիք է, և ֆիզիկական իմաստով այն չի կարող փոշիանալ։
Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: