Քաղաքականություն
18.07.2026 | 18:32
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 18-ի գիշերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի քանի շրջանների։ Թիրախում են հայտնվել Wildberries առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոնները Մոսկվայի և Տամբովի մարզերում․ գրում է meduza-ն։
Տամբովի մարզում հարձակման է ենթարկվել Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստը։ Մարզպետ Եվգենի Պերվիշովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը քաղաքին մոտենալիս խոցել են 28 անօդաչու թռչող սարք։
«Եթե դրանք հասնեին նպատակակետին, խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը կարող էր շատ ավելի մեծ լինել»,- հայտարարել է նա։
Վերջին տվյալներով՝ Կոտովսկի պահեստի վրա հարձակման հետևանքով զոհվել է գիշերային հերթափոխում աշխատող 7 աշխատակից։ Եվս 25 մարդ տուժել է, որոնցից 23-ը հոսպիտալացվել է։ Տուժածների մեծ մասի մոտ բեկորային վնասվածքներ են արձանագրվել, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 6-ը՝ ծանր։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախ է դարձել նաև Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստը։
Բացի այդ, անօդաչու սարքերը հարվածել են Նոգինսկի նավթաբազայի տարածքին։ Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել է հարակից ծննդատունը։
Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով տուժել է 26 մարդ։ Նոգինսկում վիրավորվել է 2 մարդ, իսկ Էլեկտրոստալի Wildberries-ի պահեստի վրա հարձակման հետևանքով՝ ևս 24 մարդ։
Վորոբյովը նշել է, որ տուժածների մի մասի վիճակը ծանր է։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի