Արհեստավարժ լրագրողները շարունակում են իրենց աշխատանքում պահել մասնագիտության պատիվը. Սուրեն Դեհերյան

Հուլիսի 18-ին լրանում է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հիմնադրման 31-ամյակը։ Այդ առիթով կայացել է Էթիկական լրագրության ԵՄԱ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ արդեն 25 տարի է, ինչ Երևանի մամուլի ակումբն իր ծննդյան առթիվ մրցանակներ է հանձնում գործընկերներին։ Նրա ձևակերպմամբ, իրենք բավականին բարդ խնդիր են դրել իրենց առաջ՝ այն կոչելով էթիկական լրագրության մրցանակ, քանի որ հենց էթիկական լրագրությունն է այսօր կարևոր առաքելություն կատարում մեր մեդիաոլորտում և հանրային կյանքում։

Aravot.am-ը զրուցել է «Ամփոփ մեդիայի» հիմնադիր խմբագիր Սուրեն Դեհերյանի հետ, ով արժանացել է ԵՄԱ ամենամյա մրցանակին՝ արհեստավարժ չափանիշների ապահովման համար: «Մենք անում ենք սիրելի մի գործ, հիմքում մեր այն պատկերացումն է, որ կարողանանք վերականգնել վստահությունը դեպի ԶԼՄ-ներ, քանի որ այսօր, ցավոք, շատ խոցելի է կապը ԶԼՄ-ների և լսարանի միջև: Եվ մեղավորը, հաստատ, լրատվամիջոցները չեն, արհեստավարժ լրագրողները շարունակում են իրենց աշխատանքում պահել մասնագիտության պատիվը: Փորձում ենք այնպես անել, որ լսարանը՝ տեղեկատվության հետ կապված, իսկապես փորձի ընտրել այն մեդիան, որը զբաղվում է իրական լրագրությամբ և ոչ թե այլ նպատակներ ունի։

Նաև փորձում ենք այսօրվա իրողություններին, թվային դարաշրջանում, ԱԲ-ի շրջանում բովանդակությամբ այլ ձևով մոտենալ, հասկանալ տենդենցներն ու մարտահրավերները, և ցանկացած թեմա փորձում ենք հետաքրքիր ձևով մատուցել»,- ասաց Սուրեն Դեհերյանը՝ պատասխանելով արհեստավարժ լրագրության վերաբերյալ մեր հարցին։

Հարցերին՝ ինչու հաճախ որևէ կարևոր իրադարձություն լուսաբանման համար միջոցառման «տերերը» նախապատվությունը տալիս են այսպես կոչված սելեբրիթիներին, բլոգերներին և ոչ թե լրատվամիջոցներին, և այսօր ինչ մարտահրավերների առաջ է կանգնած արհեստավարժ մեդիան, «Ամփոփ մեդիայի» հիմնադիր խմբագիրն այսպես արձագանքեց. «Եթե մարտահրավերներին անդրադառնանք, և հետո նաև ընտրությանը կամ հակառակը, թե ինչու են այսօր շատ ընկերություններ, կազմակերպություններ, պետական մարմիններ սկսել ընտրել իրենց կարևորագույն տեղեկատվությունը ոչ թե ԶԼՄ-ի միջոցով փոխանցել, այլ խողովակները տիրողների մեծ լսարանների հաշվին, պետք է փաստենք, որ այդ մեծ լսարաններն իրենց հետաքրքրության մեջ են: Մեծ զանգվածները հիմնականում հետևում են թեթև տեղեկատվությամբ էջերին, դրա համար էլ ԶԼՄ-ները, որոնք ստեղծում են արժեքավոր, երկարակյաց բովանդակությամբ տեղեկատվություն, մի փոքր ավելի հետ են ընկնում իրականությունից։

Այսպիսի մի արտահայտություն կա՝ դանդաղ մեդիա, որը թվում է այսօրվա իրականության մեջ տեղ չունի, որովհետև ամեն ինչը շատ արագ է, օպերատիվ և կարճ: Դրա համար «Ամփոփ մեդիան» էլ իր աշխատանքում այս տարվա հունվարից որոշակի փոփոխություն է մտցրել, որպեսզի մեր ծավալուն նյութերը նույնպես ուշադրության կենտրոնում լինեն, մենք արդեն սկսել ենք նաև այլ տիպի նյութեր էլ տրամադրել՝ դարձյալ մեր ոճում, որպեսզի լինենք լսարանի ուշադրության կենտրոնում, և երբ տալիս ենք շատ խորքային, ակտուալ նյութեր, նկատվենք նաև այս առումով»։

Դառնալով մրցանակներին` Սուրեն Դեհերյանը հավելեց. «Այս տեսակ մրցանակները մեզ համար ոգևորող են մասնագիտական առումով: Մենք այս տարի 10 տարեկան ենք դարձել: Որպես Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ՝ այս հարթակը մենք ստեղծում էինք փորձնական, ամենևին միտք չունեինք երկար պահպանել այս նախագիծը: Մենք ընդամենը ստեղծել էինք էքսպերիմենտալ լաբորատորիա, որ բոլոր այն լրագրողները, որոնք կցանկանան այլընտրանքային ժանրերում հանդես գալ մեր մասնակցությամբ և որպես թիմային աշխատանք ներկայացնել, բաց էինք աշխատելու համար: Բայց մեկ տարին դարձավ 2, և, անկեղծ ասած, չհասցրինք հասկանալ, թե 10 տարին ինչպես անցավ: Այս տարիների ընթացքում մեր լրագրողները կամ թղթակիցները 20-ից ավելի մրցանակներ են ստացել: Իսկ այս մրցանակը կարծես ամփոփիչ մրցանակ լիներ՝ մեր 10 տարվա գործունեությանը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներից, և միանշանակ առաջիկայում էլ ունենալու ենք հետաքրքիր նախագծեր «Ամփոփ մեդիայի» շրջանակում: Մրցանակը մեզ է ուրախացնում, բայց երբ նյութն ունենում է ազդեցություն՝ որոշում կայացնողների վրա, դա ավելի շատ է մեզ ուրախացնում: Հուսամ՝ առաջիկայում հրապարակվող նյութերն էլ որոշակի փոփոխություն կբերեն տվյալ ոլորտում որոշում կայացնողների որոշումների վրա մեր միջոցով»։

Հավելենք, որ այս տարվա մյուս մրցանակակիրներն են Հետք Մեդիա Գործարան ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Հայկ Նավասարդյանը, Factor TV-ի լրագրող Գայանե Խաչատրյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment