Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին

Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին

Մեծագույն երախտագիտությամբ ու որդիական սիրով հանդիպեցինք և մեր խոնարհ խոնարհումը բերերցինք Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Այս մասին գրել է Տեր Վրթանես Բաղալյանը:

«Անուրանալի են Իր Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, անձնուրաց և օրհնաբեր ծառայությանը։ Սրբազան Հայրն իմ տեսուչն է եղել Վազգենյան դպրանոցում, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որտեղ հիմա ես ծառայում եմ։

Տարիների ընթացքում Սրբազանը, հավատարիմ մնալով իր եկեղեցականի կոչմանն ու ձեռնադրության ուխտին, եղել է Ավետարանի անխոնջ քարոզիչ, հոգիների իմաստուն հովիվ և հայրական սիրով առաջնորդող առաջնորդ։
Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով։

Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը և հավատացյալ ժողովրդի հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը՝ կրելով ծառայության բազմաթիվ դժվարություններ, բայց երբեք չնահանջելով իր առաքելությունից։

Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար, զորություն՝ տկարների, հույս՝ հուսալքվածների և քաջալերանք՝ հավատքի ճանապարհով ընթացողների համար։

Այսօր, երբ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոսը գտնվում է ապօրինի տնային կալանքում, աղոթում ենք, որ Ամենակալ Տերը մարմնավոր լիակատար ազատություն և առավել համբերություն պարգևի, բազմապատկի նրա հոգևոր և մարմնական զորությունը, խաղաղությամբ ու շնորհներով պսակի նրա հետագա ընթացքը և դեռ երկար տարիներ արժանացնի նրան շարունակելու իր օրհնաբեր հովվական առաքելությունը՝ ի փառս Սուրբ Երրորդության, ի զորացումն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն մեր աստվածասեր ժողովրդի։

Թող Տիրոջ առատ ողորմությունն ու շնորհները մշտապես ուղեկից լինեն Բագրատ Սրբազանին, և նրա ծառայության բարի պտուղները շարունակեն առատորեն օրհնել Եկեղեցին, Հայրենիքն ու հավատավոր ժողովրդին»։

Leave a comment