ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է սննդային թունավորման մասին լուրերին

Բաժանորդագրվել

Դիվանագիտական ներկայացուցչությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հյուրերի մոտ ի հայտ եկած ախտանշանների պատճառները պարզելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը ներողություն է խնդրում հիվանդանոցում հայտնված հյուրերից։ Դիավանագիտական առաքելությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային օրվա առիթով կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերի թունավորման մասին լուրերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջոցառումից հետո հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Միջոցառումը և հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, իսկ մատուցված կանապեներում նաև ձկնամթերք է եղել։ Armat Media-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացել մի շարք հյուրերի սննդային թունավորման մասին։

«Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն, ուստի դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Դեսպանությունը հայցում է հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Նշվում է, որ ցանկացողները կարող են դիվանագիտական ներկայացուցչության հետ կապ հաստատել cad.erevan-amba@diplomatie.gouv.fr էլեկտրոնային փոստի հասցեով։

Leave a comment