ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին

Քաղաքականություն

18.07.2026 | 13:56

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է ընդլայնել այն հոդվածների ցանկը, որոնցով մեղադրվող կամ դատապարտված անձինք կարող են մոբիլիզացիայի, ռազմական դրության և պատերազմի ժամանակ պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ և ծառայել բանակում․ գրում է meduza-ն։

Օրինագծով առաջարկվում է վերացնել մի շարք հոդվածներով  դատվածության առկայությունը որպես զինվորական ծառայության պայմանագիր կնքելուն խոչընդոտող հիմք։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ հանցակազմերին.

  • կանխիկ դրամի մաքսանենգություն (Քրեական օրենսգրքի 200.1 հոդված),
  • թմրամիջոցների մաքսանենգության մի շարք դեպքեր (229.1 հոդվածի առանձին մասեր),
  • ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգություն (226.1 հոդվածի 1-ին մաս),
  • մասնակցություն զինված հանցավոր խմբավորմանը (209 հոդվածի 2-րդ մաս),
  • մասնակցություն հանցավոր համայնքին (210 հոդվածի 2-րդ մաս),
  • պահպանվող օբյեկտ ապօրինի մուտք գործելը՝ պետական գաղտնիք փոխանցելու նպատակով (215.4 հոդվածի 2-րդ մասի «բ» կետ),
  • միջուկային նյութերի հափշտակություն կամ շորթում (221 հոդվածի 1-ին մաս),
  • պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կորուստ (284 հոդված)։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այն «միտված է ընդլայնելու այն անձանց շրջանակը, որոնց հետ կարող է կնքվել պայմանագիր Ռուսաստանի զինված ուժերում ծառայության համար»։

Նշվում է, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ թույլատրվում է պայմանագիր կնքել քրեական հետապնդման ենթարկվող կամ դատվածություն ունեցող անձանց մեծ մասի հետ։ Բացառություն են կազմում անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև ահաբեկչական, ծայրահեղական, դիվերսիոն, պետական անվտանգության դեմ ուղղված և որոշ այլ ծանր հանցագործություններ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment