Տեր Վրթանեսն իր ուսուցչի՝ Բագրատ Սրբազանի մասին

Տեր Վրթանեսն իր ուսուցչի՝ Բագրատ Սրբազանի մասին

«Մեծագույն երախտագիտությամբ ու որդիական սիրով հանդիպեցինք և մեր խոնարհ խոնարհումը բերերցինք Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Անուրանալի են Իր Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, անձնուրաց և օրհնաբեր ծառայությանը։ Սրբազան Հայրն իմ տեսուչն է եղել Վազգենյան դպրանոցում, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որտեղ հիմա ես ծառայում եմ։

Տարիների ընթացքում Սրբազանը, հավատարիմ մնալով իր եկեղեցականի կոչմանն ու ձեռնադրության ուխտին, եղել է Ավետարանի անխոնջ քարոզիչ, հոգիների իմաստուն հովիվ և հայրական սիրով առաջնորդող առաջնորդ։

Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով։

Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը և հավատացյալ ժողովրդի հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը՝ կրելով ծառայության բազմաթիվ դժվարություններ, բայց երբեք չնահանջելով իր առաքելությունից։

Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար, զորություն՝ տկարների, հույս՝ հուսալքվածների և քաջալերանք՝ հավատքի ճանապարհով ընթացողների համար։

Այսօր, երբ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոսը գտնվում է ապօրինի տնային կալանքում, աղոթում ենք, որ Ամենակալ Տերը մարմնավոր լիակատար ազատություն և առավել համբերություն պարգևի, բազմապատկի նրա հոգևոր և մարմնական զորությունը, խաղաղությամբ ու շնորհներով պսակի նրա հետագա ընթացքը և դեռ երկար տարիներ արժանացնի նրան շարունակելու իր օրհնաբեր հովվական առաքելությունը՝ ի փառս Սուրբ Երրորդության, ի զորացումն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն մեր աստվածասեր ժողովրդի։

Թող Տիրոջ առատ ողորմությունն ու շնորհները մշտապես ուղեկից լինեն Բագրատ Սրբազանին, և նրա ծառայության բարի պտուղները շարունակեն առատորեն օրհնել Եկեղեցին, Հայրենիքն ու հավատավոր ժողովրդին»։

Leave a comment