Քաղաքականություն
18.07.2026 | 10:51
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5069 մարդ։ Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 17-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Բացի այդ, այս պահին հայտնի է 16 740 վիրավորի և անօթևան մնացած 17 907 մարդու մասին։
Ռոդրիգեսի գրառումից նաև պարզ է դառնում, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է հայտնաբերել 6462 մարդու, իսկ շուրջ 37 հազար տուժածի բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Երկրաշարժերի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 190 շենք, ևս 856 օբյեկտ լուրջ վնասներ է կրել։
Հիշեցնենք՝ սկզբում երկրում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ մեկ րոպե չանցած՝ ևս մեկը՝ 7,5 մագնիտուդով։ Այս երևույթը կոչվում է «սեյսմիկ դուպլետ»։
Հունիսի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ի սահմաններում տեղի ունեցած առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կարիբյան ծովի ափին գտնվող Մորոն քաղաքից 28 կիլոմետր դեպի արևմուտք՝ Կարակասից մոտ 168 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախի խորությունը կազմել է 13 կիլոմետր։
Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մորոնից 16 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։
Ռոդրիգեսի խոսքով՝ զոհերի մեծ մասը գրանցվել է երկրի առափնյա շրջանում։ Երկրաշարժերի հետևանքով անօթևան մնացած մարդիկ այժմ ստիպված են ապրել գերբեռնված ճամբարներում, որոնցից շատերում բացակայում են ջրամատակարարումն ու անհրաժեշտ սանիտարական պայմանները, հաղորդում է AFP գործակալությունը։
Երկրաշարժերի հետևանքները վերացնելու նպատակով Վենեսուելայի իշխանություններն Արժույթի միջազգային հիմնադրամում երկրի միջոցներից օգտագործել են 346 միլիոն դոլար։
Հուլիսի 1-ին Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրաշարժերի զոհերի հիշատակին յոթօրյա համազգային սուգ էր հայտարարել։ Այն սկսվել էր նույն օրը՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ին։