Տնտեսական աճի տեմպը մայիսին բարձրացավ 11.7 տոկոսով (տ/տ)` հունվարից-մայիս ժամանակամիջոցի աճի տեմպը հասցնելով 8 տոկոսի (տ/տ):
● Գնաճը ավելացավ` հունիսին հասնելով 5.1 տոկոսի մայիսի 4.2 տոկոսի համեմատ, պայմանավորված սննդամթերքի գների բարձրացմամբ:
● Մայիսին արտահանումը և ներմուծումը կրճատվեց, քանի որ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանումը նվազեց:
● Մայիսին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսին` միաժամանակ մնալով 0.8 տոկոս հավելուրդի մակարդակում հունվար-մայիս ժամանակամիջոցի համար:
Տնտեսական ակտիվությունը կտրուկ աճել է` ապրիլի 7.1 տոկոսից հասնելով 11.7 տոկոսի (տ/տ) մայիսին: Այս կտրուկ բարձրացումը պայմանավորված էր չառևտրայնացվող ծառայությունների աճով (14.7 տոկոս, տ/տ), մասնավորապես, զբոսաշրջության հետ կապված գործունեության, հյուրընկալության, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում: Ըստ նախնական տվյալների, 2026 թ. առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումներն ավելացել են 14.8 տոկոսով (տ/տ)` կազմելով ավելի քան 1 միլիոն մարդ, որոնց 40 տոկոսը եկել էր Ռուսաստանից: Հնարավոր է ծառայությունների ոլորտին նպաստել է հունիսի խորհրդարանական ընտրություններին նախորդած մեծ ակտիվությունը: Շինարարությունը և հանքարդյունաբերությունը շարունակեցին գրանցել երկնիշ աճի տեմպ` համապատասխանաբար 27.1 և 21.6 տոկոս (տ/տ): Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվում է դրական ազդեցությունը` որոշակի անկումից հետո 2025 թ. վերջին սկսված վերականգնման, ինչպես նաև պղնձի բարձր գների հաշվին: Թեթև արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 7.4 տոկոս (տ/տ)` պայմանավորված սննդամթերքի և խմիչքի արտադրության ավելի մեծ ծավալով, որը ծխախոտի հետ մեկտեղ կազմել է ոլորտի թողարկման 60 տոկոսը: 2026 թվականի առաջին հինգ ամիսներին տնտեսական գործունեությունն ընդլայնվեց 8 տոկոսով (տ/տ)` գերազանցելով կանխատեսումները:
Գնաճը մնաց բարձր` հունիսին ավելանալով 5.1 տոկոս (տ/տ): Սա հաջորդեց մայիսին գրանցված հապաղմանը (4.2 տոկոս)` այսպիսով 2026 թ. առաջին կիսամյակում միջին գնաճը բերելով 4.6 տոկոս մակարդակի: Մայիսի համեմատ հունիսի գնաճի բարձրացման միակ գործոնը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն էին, որոնք 6.4 տոկոսից հասան 8.6 տոկոսի (տ/տ) և կազմեցին ընդհանուր գնաճի գրեթե երկու երրորդը: Ալկոհոլային խմիչքների և կրթության ոլորտում ևս շարունակվեց բարձր գնաճը` 7.5 և 8.3 տոկոս (տ/տ): 2026 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել անփոփոխ` 6.5 տոկոս. նպատակն էր հավասարակշռել երկու հակադիր ճնշումները, որոնցից մեկն առաջանում է ավելորդ պահանջարկից և ավելի բարձր գնաճի սպասումներից, իսկ մյուս կողմից` հնարավոր գնանկմամբ պայմանավորված ճնշումներն են, մասնավորապես, Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրների համատեքստում:
Առևտրային հաշվեկշռի պակասուրդը շարունակեց վատթարանալ: Մայիսին ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը շարունակեց կրճատվել. ընդ որում, արտահանման պատկերն ավելի վատ է, քան ներմուծմանը (համապատասխանաբար 11.5 տոկոս` 1.6-ի համեմատ, տ/տ): Մասնավորապես, երկուսի պարագայում էլ անկման տեմպը դանդաղել է նախորդ ամսվա համեմատ: Այս անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման շարունակական նվազմամբ. Կիսաթանկարժեք քարերի արտահանումն ու ներմուծումը կրճատվեցին համապատասխանաբար 61.7 և 82 տոկոսով (տ/տ): Չհաշված վերաարտահանվող այս ապրանքատեսակը` ընդհանուր արտահանումն ավելացավ 18 տոկոսով (տ/տ)` հիմնականում օգտակար հանածոների հաշվին (մինչև 89 տոկոս, տ/տ): Մյուս ապրանքատեսակները բացասական կամ աննշան դրական մասնակցություն են ունեցել ընդհանուր արտահանման աճին: Նշանակալի է, որ դեպի Ռուսաստան արտահանումը մայիսին նվազեց 15 տոկոսով (տ/տ): Հունվար-մայիս ժամանակամիջոցում արտահանումը նվազեց 3.7 տոկոս (տ/տ), մինչդեռ ներմուծումն ավելացավ 2.2 տոկոս (տ/տ)` մեծացնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդը, որը կազմեց կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 7 տոկոսը:
Թեև Հայաստանի տնտեսությունը շարունակում է գերակատարում ապահովել, Ռուսաստանի հետ վերջին շրջանի քաղաքական զարգացումները շարունակում են մտահոգությունների տեղիք տալ` պետությանը մղելով արտահանողներին աջակցելու միջամտության: Ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար ավելացրեց հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման արգելքը: Եթե այդ արգելքը շարունակվի և ընդլայնվի` առանց մեղմացման միջոցառումների, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել` դուրս գալով միայն առևտրի շրջանակից և անդրադառնալով աճի, գների և սոցիալական վիճակի վրա: Այս հնարավոր ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը սուբսիդավորման միջոցառումներ է նախատեսել հայկական արտահանողներին օժանդակելու համար` փոխհատուցելու այլընտրանքային շուկաներ, այդ թվում` ԵՄ իրենց ապրանքների փոխադրման և մաքսային ծախսերը:
Մայիսին շարունակվեց զուտ ոչ առևտրային փոխանցումների կայուն երկնիշ աճը: Ընդհանուր զուտ ներհոսքերն ավելացան 30.2 տոկոսով (տ/տ)` 2025 թ. ցածր բազայից. ընդ որում, մոտավորապես 61 տոկոսը գալիս էր Ռուսաստանից (մինչև 42.2 տոկոս, տ/տ): Այս ներհոսքերը նպաստել են հայկական դրամի ամրապնդմանը, խթանել են բանկային ոլորտի իրացվելիությունը և նպաստել են ներքին պահանջարկին:
Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Հունիսին ՀՀ դրամը 0.1 տոկոսով (ա/ա) արժևորվեց ԱՄՆ դոլարի նկատմամբ և 1.4 տոկոսով (ա/ա)` եվրոյի: Անցած տարվա հունիսի համեմատ` ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 4.2 տոկոսով (տ/տ), թեև 2 տոկոսով արժեզրկվել է ռուսական ռուբլու նկատմամբ:
Ֆինանսական համակարգի ցուցանիշները մայիսին կայուն են մնացել: Կապիտալի համարժեքության ցուցանիշն աննշան նվազել է` հասնելով 20.5 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը մի փոքր ավելացել է` հասնելով 1.4 տոկոսի: Առևտրային բանկերում ավանդների ցուցանիշն ավելացել է 2.4 տոկոսով (ա/ա), իսկ վարկերի ցուցանիշը` 3.7 տոկոսով (ա/ա)` այսպիսով նպաստելով վարկերի և ավանդների հարաբերակցության աճին:
Մայիսին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0. 2 տոկոսին. միաժամանակ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը գրանցվել է ավելցուկ: Մայիսին հարկային մուտքերն ավելացան 15.3 տոկոսով (տ/տ)` հիմնականում անձնական եկամտային հարկի (մինչև 22.5 տոկոս, տ/տ, որին նպաստել է աշխատողների թվի 4 տոկոսը աճը և միջին անվանական աշխատավարձի 10.8 տոկոսը բարձրացումը) և ԱԱՀ-ի հաշվին (մինչև 14.6 տոկոս, տ/տ), ինչն արտացոլում է տնտեսական բարձր ակտիվությունը և հարկային վարչարարության շարունակական բարելավման արդյունքները: Բյուջեի ընդհանուր ծախսերը նվազել են 6.1 տոկոսով (տ/տ)` պայմանավորված կապիտալ ծախսերի 54.5 տոկոս (տ/տ) կրճատմամբ, ինչն էլ պայմանավորված է պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատմամբ, քանի որ 2026 թ. համար նախատեսվել է ավելի փոքր պաշտպանական բյուջե: Մյուս կողմից, բյուջեի ընթացիկ ծախսերն ավելացել են 17.3 տոկոսով (տ/տ)` հիմնականում պայմանավորված սոցիալական ոլորտի հատկացումներով (մինչև 27.5 տոկոս, տ/տ), ինչն էլ հիմնականում կապված է 2026 թ. հունվարից ուժի մեջ մտած համընդհանուր առողջապահական ապահովագրության լիարժեք գործարկման հետ, որի շրջանակներում պետությունն ամբողջությամբ ֆինանսավորում է երեխաների, տարեցների և խոցելի խմբերի ապահովագրավճարները: Դրա հետևանքով առողջապահության ոլորտի գործառնական ծախսերն աճել են մինչև 75.9 տոկոս (տ/տ): Հունվար-մայիս ժամանակահատվածում բյուջեի հանրագումարային ավելցուկը կազմել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8 տոկոսի, մինչդեռ 2026 թ. համար նախատեսված է ՀՆԱ-ի մոտավորապես 4.3 տոկոսի չափով պակասուրդ:
Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության աճի տեմպը կտրուկ արագացել է` հասնելով 11.7 տոկոսի
(Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %)
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
Գծապատկեր 2. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին ավելացան (տ/տ)
(հազար ԱՄՆ դոլար)
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
Գծապատկեր 3. Հունիսին գնաճն արագացավ` պայմանավորված սննդամթերքի գներով
( ՍԳՀ գնաճ, տ/տ փոփոխություն, %)
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
Գծապատկեր 4. Մայիսին արտահանումը կրճատվեց, քանի որ նվազեց վերաարտահանումը, թեև օգտակար հանածոների ոլորտում նկատվեց բարձր աճ
(միլիարդ ԱՄՆ դոլար)
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե
Գծապատկեր 5. Ավանդների և վարկավորման աճը փոքր ինչ արագացել է մայիսին
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված)
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ
Գծապատկեր 6. 2026 թ. հունվար-մայիս ժամանակամիջոցում գրանցվել է կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8 տոկոսին համարժեք ավելցուկ
(AMD billion)
Աղբյուրը` Ֆինանսների նախարարություն