Հասարակություն
17.07.2026 | 17:55
Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է 2023 թվականին Երևանում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործով ոստիկանության երկու ծառայողի ենթադրյալ մասնակցությունը։ Ըստ քննության՝ նրանք ծառայողական լիազորություններն օգտագործելով և 5 մլն դրամի դիմաց օգնել են մեղադրյալին պարզել տուժողի գտնվելու վայրը և հետապնդել նրան։ Երկու ոստիկանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք ձերբակալվել են, իսկ նախաքննությունը շարունակվում է։
«ՀՀ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու համար՝ նախապես նրա կողմից խոստացված 5 մլն ՀՀ դրամ գումարի դիմաց, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբի կազմում, դեպքի նախորդող պահին տուժողի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալին ցույց տալու, ինչպես նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին տուժողին հետապնդելու ընթացքում խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել են Ա.Ս.-ի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով եղբայրներ՝ Ա․Հ․-ի սպանության փորձին և նույն եղանակով Ար.Հ․-ի սպանությանը, որի արդյունքում Ա․Ս․-ն տուժողներին հետապնդելու ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․-ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.-ին, որից հետո դիմել է փախուստի։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել 2 ոստիկանների բնակարաններում։
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):
Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։