Արդյո՞ք հայկական ձուկն ունի նույնպիսի բարձր ճանաչելիություն, ինչպես ծիրանը կամ կոնյակը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը պատասխանելով այս հարցին նշեց՝ պետական մակարդակով իրականացվում է ակտիվ ներկայացուցչական աշխատանք ԵՄ համապատասխան կառույցների հետ։
«Ճանաչումը պետության կողմից՝ ինչքանով որ մենք մասնակցում ենք ԵՄ բոլոր քննարկումներին ձուկ-ձկնամթերքի հետ կապված, ունենք ֆոկալ փոյնթ (focal point)։ Այսինքն՝ այդ մակարդակով մենք ամեն ինչ ներկայացնում ենք։ Բայց դե կարծում եմ՝ երկիր չկա, որ հայ չլինի, և համապատասխանաբար պատկերացում էլ կլինի մեր ապրանքի մասին»,- նշեց Պետրոսյանը։
Անդրադառնալով հանրության մեջ տարածված մտահոգությանը, թե ԵՄ խիստ չափանիշներին չհամապատասխանող ապրանքը մնում է ներքին շուկայում՝ վտանգելով տեղացի սպառողին, ՍԱՏՄ ներկայացուցիչը կտրականապես հերքեց այս տեսակետը։
«Չի կարող լինել մի մթերք, որը վտանգավոր է Եվրոպայի համար, բայց թույլատրելի է հայ սպառողի համար։ Եթե սննդամթերքի մեջ հայտնաբերվում են առողջության համար վտանգավոր նյութեր, այն անմիջապես հանվում է շրջանառությունից և ոչնչացվում՝ անկախ նրանից, թե որտեղ պետք է վաճառվեր»,- պարզաբանեց Պետրոսյանը։
Նա նաև հստակ տարանջատում մտցրեց «կարանտինային վնասատուների» և «վտանգավոր սննդի» միջև. «Կարանտինային խնդիրները կարող են արգելել արտահանումը տեխնիկական պատճառներով, բայց դրանք միշտ չէ, որ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։