Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով

Հասարակություն

17.07.2026 | 13:41

Քննչական կոմիտեն ավարտել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ քննության՝ նա 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, մանկապարտեզում քաշքշել և երկու անգամ հարվածել է անչափահասին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք։ Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակը տևական ժամանակ չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, անօգնական վիճակում գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլ-մայիսն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզի ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ:

Դաստիարակի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր միջադեպի մասին, փորձել էր կապ հաստատել համայնքի վարչական ղեկավարի աշխատակազմի հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել։

 

Leave a comment