Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին, երբ տարածաշրջանային ճգնաժամը շուրջօրյա կառավարում է պահանջում, երկրի իշխանությունը գերադասում է պաշտոնական արձակուրդ մեկնել: Սա սոսկ ֆիզիկական հանգիստ չէ, սա փախուստ է իրականությունից և սեփական ժողովրդի առջև պատասխանատվությունից:
Մինչ Երևանում կառավարական կաբինետները դատարկվում են, Շուշիում Ալիևը բաց տեքստով գծում է տարածաշրջանի նոր քարտեզը: Նրա հայտարարություններն ունեն հստակ, պրագմատիկ հաշվարկ: Միաժամանակ խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին՝ նա արևմտյան լսարանում հաջողությամբ վաճառում է իր «կարևոր գործընկերոջ» իմիջը: Եվրոպային մատակարարվող գազի ֆոնին սա նրան ապահովագրում է պատժամիջոցներից, իսկ Արցախի (Ղարաբաղի) ու Ուկրաինայի միջև անցկացվող զուգահեռներով լեգիտիմացնում է սեփական ագրեսիան:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այս մեծ խաղի ֆոնին: Առաջնորդվում է երկակի ստանդարտների կործանարար հաղորդակցությամբ։
Ներքին լսարանին անընդհատ ներարկվում է վախ, հանձնվողականություն և սեփական իրավունքից հրաժարվելու կործանարար հոգեբանություն։ Ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումները հանրությանը հրամցվում են որպես խաղաղության միակ երաշխիք: Մեզ փորձում են համոզել, որ պետության իրական կադաստրը թշնամու ստորագրությունն է, այլ ոչ թե մեր սեփական դիմադրողականությունը:
Արտաքին աշխարհին հաղորդվում է բացարձակ թուլության և հարմարվողականության ազդակ. Փորձելով մանևրել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի հակասությունների արանքում՝ Երևանը վերածվում է ոչ թե հուսալի գործընկերոջ, այլ աշխարհաքաղաքական կոնֆլիկտի պլացդարմի: Թշնամին տեսնում է այս թուլությունը և ավելի է մեծացնում իր ախորժակը՝ պահանջելով Սահմանադրության փոփոխություն և նորանոր ինքնիշխան տարածքներ:
Իրական, հայանպաստ պետական մտածողությունը պահանջում է արմատապես այլ քայլեր, որոնք այսօր ուղղակի չեն արվում, որովհետև գործող համակարգն ունակ չէ դրանք իրականացնել։
Ուժերի հավասարակշռության վերականգնում. Անցում փոքր ռեսուրսներով առավելագույն հարված հասցնելու մարտավարությանը՝ հենված սեփական ռազմական արտադրության, ԱԹՍ-ների և համապետական դիմադրողականության հենքով:
Անկախ դիվանագիտություն. Դադարե՛լ լինել մանրադրամ ուրիշների խաղերում: Ամերիկյան տարանցիկ նախագծերը քննարկելիս չի կարելի խախտել Իրանի կենսական «կարմիր գծերը» Սյունիքում, իսկ Արևմուտքի հետ մերձենալիս պետք է չեզոքացնել Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական հարվածները:
Տնտեսական դիվերսիֆիկացիա. Քաղաքական հռետորաբանությունը դատարկ խոսք է, քանի դեռ երկրի էներգետիկան և շուկան 80%-ով կախված են մեկ կենտրոնից:
Ինտելեկտի համախմբում. Պետական համակարգը պետք է մաքրել սիրողականությունից և ներքին արհեստական պառակտումներից՝ համախմբելով ազգային, բարձր ինտելեկտով և պրոֆեսիոնալիզմով օժտված կարող ուժերին։
Պետության կործանման համար կանխամտածված դավաճանությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ. աշխարհաքաղաքական անփորձությունը, սեփական ռեսուրսների սխալ գնահատումը և հանձնվողական հոգեբանությունը նույնքան աղետալի են։ Հայաստանը ունի՛ ապագա, բայց այդ ապագան կերտվում է պինդ ողնաշարով, սթափ հաշվարկով և բացառապես հայանպաստ օրակարգով։
Իրավիճակից դուրս գալու հայեցակարգային լուծումների, ռազմավարական մոդելների և ճգնաժամային կառավարման շուրջ բաց և խորքային քննարկումների համար կարող եք կապ հաստատել էջի նամակագրության միջոցով:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: