Թվային ռուբլին կգործարկվի սեպտեմբերի 1-ից․ ինչ է սպասվում

Այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում կսկսվի թվային ռուբլու լայնածավալ ներդրումը։

Թվային ռուբլին Ռուսաստանի ազգային արժույթի նոր ձևն է, որը թողարկվում և կարգավորվում է Ռուսաստանի Բանկի կողմից։ Այն շրջանառվելու է կանխիկ և անկանխիկ ռուբլու հետ միաժամանակ։ Թվային ռուբլու հաշիվ հնարավոր կլինի բացել միայն Ռուսաստանի Բանկի հարթակում՝ ցանկացած ֆինանսական միջնորդի (հարթակին միացված առևտրային բանկի) բջջային հավելվածի միջոցով։

Ներկայումս թվային ռուբլով գործարքները հասանելի են միայն սահմանափակ թվով բանկերի, ֆիզիկական անձանց և ընկերությունների, որոնք մասնակցում են այս արժույթի ներդրման փորձնական նախագծին։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից համակարգային նշանակություն ունեցող առևտրային բանկերը պարտավոր կլինեն իրենց հաճախորդներին ապահովել թվային ռուբլու օգտագործման տեխնիկական հնարավորությամբ։ Դրա համար նրանք պետք է իրենց ՏՏ համակարգերում ներդնեն թվային ռուբլու գործարքների աջակցություն (դրամապանակի բացում, փոխանցումներ, վճարումներ), ինչպես նաև ապահովեն փոխգործակցությունը թվային ռուբլու հարթակի հետ (2025 թվականի հուլիսի 23-ի №248-ФЗ դաշնային օրենք)։

Այն առևտրային ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք.

  • հանդիսանում են վերոնշյալ բանկերի հաճախորդներ,
  • նախորդ տարվա ընթացքում ունեցել են ավելի քան 120 մլն ռուբլու հասույթ
  • և 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ համակարգային նշանակություն ունեցող բանկի հետ կնքել են էլեկտրոնային վճարման միջոցների ընդունման պայմանագիր,

պարտավոր կլինեն.

  • բացել թվային ռուբլու դրամապանակ,
  • արդիականացնել իրենց դրամարկղային ծրագրային ապահովումը, որպեսզի այն աջակցի թվային ռուբլով վճարումների ընդունմանը,
  • դրամարկղերում և վճարային տերմինալներում տեղադրել միասնական վճարային կոդ, որի միջոցով գնորդը կկարողանա կատարել վճարումը թվային ռուբլով,
  • վերապատրաստել աշխատակիցներին՝ թվային ռուբլով գործարքներ իրականացնելու համար։

Միաժամանակ օրենքը նախատեսում է բացառություններ։ Թվային ռուբլու ընդունումը պարտադիր չէ այն առևտրային կետերի համար, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 5 մլն ռուբլին, ինչպես նաև այն վաճառքի կետերի համար, որոնք գործում են ինտերնետային կապից զուրկ վայրերում։

Եթե վաճառողը պարտավոր է ընդունել թվային ռուբլին, սակայն չի ապահովել նման վճարման հնարավորությունը կամ հրաժարվել է այն ընդունել, յուրաքանչյուր նման խախտման համար նախատեսված են տուգանքներ (ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14.8-րդ հոդվածի 4-րդ մաս).

  • անհատ ձեռնարկատերերի համար՝ 15 000-ից մինչև 30 000 ռուբլի,
  • կազմակերպությունների պաշտոնատար անձանց համար՝ 15 000-ից մինչև 30 000 ռուբլի,
  • կազմակերպությունների համար՝ 30 000-ից մինչև 50 000 ռուբլի։

Leave a comment