Ռուսաստանը Թուրքիայից կորիզավոր մրգերի մատակարարման սահմանափակումներ է մտցնում, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը», գրում է The Moscow Times-ը։
Գերատեսչության հաղոդմամբ՝ արգելքը կվերաբերի հինգ թուրքական ձեռնարկությունների ծիրանի, բալի, դեղձի և նեկտարինի մատակարարմանը։
«Որոշումը կայացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինի ենթակա կորիզավոր մրգերի արտադրանքում օրգանիզմների համակարգված հայտնաբերման պատճառով»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
Գործակալությունը չի մանրամասնել, թե թուրքական մրգերում ինչ օրգանիզմներն են հայտնաբերվել։
Ռուսական գերատեսչությունն այս որոշման մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հանդիպումից մի քանի ժամ անց։ Հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է միանալ Կիևի համար անվտանգության երաշխիքներին և ղեկավարել այդ երաշխիքների ծովային բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին։
«Մենք չենք ուզում, որ պատերազմը տարածվի Սև ծովում։ Սև ծովում նավահանգիստների, տանկերների և ձկնորսական նավերի հարվածները և քաղաքացիական անձանց կյանքը վտանգելը անընդունելի է»,- ասել էր Ֆիդանը։
Նա նաև հավելել էր, որ Անկարան անսասան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վերահաստատում է իր անսասան դիրքորոշումը Ղրիմի անօրինական բռնակցման վերաբերյալ։
Թուրքիան հիմա Ռուսաստան կորիզավոր մրգերի խոշորագույն մատակարարների շարքում չէ։ Անցյալ տարի հիմնական արտահանողներն էին Ուզբեկստանը (180,000 տոննա), Ադրբեջանը (111,000 տոննա) և Հայաստանը (64,000 տոննա)։
Այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի ցիտրուսային մրգերի առաջատար մատակարարն է (599,000 տոննա), նաև երկրորդ տեղում է ձմերուկի և սեխի (16,000 տոննա) մատակարարման քանակով՝ Ուզբեկստանից հետո (335,000 տոննա)։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի