«Ամբողջ Եվրոպան տառապում է թուրքական ապրանքների էքսպանսիայից՝ տարածումից․ տեղական արտադրությունը դուրս է մղվում շուկայից»․ Թաթուլ Մանասերյան

«Թուրքական ապրանքների հետ մենք բավարար մրցունակություն չունենք՝ ապրանքներ արտահանելու համար Ադրբեջան։ Հնարավոր՝ է մեկ-երկու խորհրդանշական ապրանքներ ու ծառայություններ ներգրավվեն։ Պետք է իրատես լինենք․ ամբողջ Եվրոպան տառապում է թուրքական ապրանքների էքսպանսիայից, մենք չենք կարող ավելի հզոր լինել, քան Գերմանիան, Ֆրանսիան, որտեղ ուղղակի տեղական արտադրությունը դուրս է մղվում շուկայից»,-հարցին՝ ի՞նչ ապրանքներ կարող է ՀՀ-ն արտահանել Ադրբեջան, Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Ըստ նրա՝ պետք է մշակել ռազմավարություն, որն այժմ բացակայում է․ «Մեզ պետք է շիտակություն, որ հանրության հետ կառավարությունը բաց լինի, և անկախ փորձագետների հետ քննարկվեն բոլոր հարցերը՝ այդ թվում սահմանները բացելու հետ կապված։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործ ունենալիս՝ գործ ունենք նույն պանթյուրքիստական պետության հետ։ Բաց սահմանները կարևոր են, բայց ռազմավարություն մշակելն ավելի կարևոր է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ունի հարյուրամյակների համար մշակած կարմիր գիծ․ պետք է զգույշ լինենք, եթե չենք ուզում վնասել հայ գյուղացուն, հայկական գյուղը»։

Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում հայ-ադրբեջանական առևտուրը, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց․ «Կա ներուժ, բայց նախ պետք է լուրջ աշխատանք տարվի, որ մենք իսկապես պատրաստ լինենք տարիներ, տասնամյակներ տևած հակամարտությունից հետո գալ խնդիրների իրատեսական լուծման»։

Խոսելով Դաշինքի ձևավորման և գործունեության մասին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց․ «Դաշինքը երկար աշխատանք է տարել մինչև ձևավորումը, նախաձեռնող խումբը բավական աշխատանք է տարել միաբանելու հասարակությանը, որը պառակտված է, մենք չունենք քաղհասարակություն, այն մասնատված ու քաղաքականացված է, պառակտումը մտել է հայկական ընտանիքներ։ Մեր նպատակն է, և առաջին քայլերը հաջող արվում են, միաբանվել ազգային, պետական շահի շուրջ և միավորել բոլոր առողջ ուժերին՝ մտավորականությանը, երիտասարդներին, հայ կանանց, տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, որոնք տալու բան ունեն իրենց երկրին»։

Խոսելով Դաշինքի մեկնարկի միջոցառման մասին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց՝ սա ոչ թե քննարկում կամ ասուլիս է, այլ ներկայանում ենք՝ իբրև համահայկական հասարակական դաշինք և չունենք դրսից հրավիրվածներ․ բոլոր ներկաները համահայկական հասարակական դաշինքի մաս են կազմում։ Ներկայացվեցին դաշինքի սկզբունքները և Համահայկական հռչակագիրը։ Թաթուլ Մանասերյանը վստահեցրեց․ «Մեր դաշինքը վերկուսակցական, վերքաղաքական է»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment