Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ երկրի ձեռք բերած ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ չհաստատելով տեղեկությունները, որ Անկարան փորձում է վաճառել կամ փոխանցել համակարգը՝ ԱՄՆ-ի F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու ճանապարհը հարթելու համար։

«C-400 հեռահար տարածաշրջանային օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի բազմաֆունկցիոնալ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հարցերի վերաբերյալ կոնկրետ զարգացումները կներկայացվեն հանրությանը, երբ դրանք տեղի ունենան»,- ասել են նախարարությունից։

Այս մեկնաբանությունները հնչում են թուրքական լրատվամիջոցներում մի քանի օր առաջ տարածված լուրերից հետո, որոնց համաձայն՝ Անկարան պատրաստվում է վաճառել C-400 համակարգը երրորդ երկրի, հնարավոր է՝ Պարսից ծոցում, որպես ԱՄՆ պատժամիջոցների և Թուրքիայի F-35 ծրագրից հեռացման հանգեցրած վեճի լուծման ջանքերի մաս։

Hurriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին անցյալ շաբաթ պնդել էր, որ Ռուսաստանին համոզել են ընդունել այս առաջարկը, և որ համակարգը վաճառվել է կա՛մ Միացյալ Արաբական Էմիրություններին, կա՛մ Կատարին։

Ո՛չ թուրք, ո՛չ ռուս, ո՛չ էլ կատարցի կամ էմիրություններից որևէ պաշտոնյա չի հաստատել վաճառքի մասին տեղեկությունը։

Հուլիսի 10-ին Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ C-400-ների ճակատագրի շուրջ՝ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Անկարան կարող է համակարգը փոխանցել Ծոցի անանուն երկիր։

«Սա չափազանց զգայուն հարց է»,- ասել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան կշարունակի շփումներն Անկարայի հետ այս հարցի շուրջ։

C-400-ի հարցն օրակարգ վերադարձավ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կվերացնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և կորոշի F-35-ների հնարավոր վաճառքի հարցը։

«Մենք կվերացնենք պատժամիջոցները»,- լրագրողներին ասել էր Թրամփը՝ պատասխանելով «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում սահմանված միջոցառումների մասին հարցին։

Արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 10-ին հայտարարել էր, որ Թուրքիան հույս ունի շուտով արդյունքի հասնել ինչպես պատժամիջոցների, այնպես էլ F-35-ի հարցի վերաբերյալ՝ հավելելով, որ Անկարայում և Վաշինգտոնում կա քաղաքական կամք՝ վեճը լուծելու համար։

Ֆիդանը նշել էր, որ CAATSA պատժամիջոցները և F-35-ի հարցը ենթարկվում են ԱՄՆ-ի օրենսդրությանը, և որ համապատասխան նախարարներն աշխատում են դրանց վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment