21:53 16.07.2026 (Թարմացված է: 21:56 16.07.2026)
Բաժանորդագրվել
Մեկ ամիս առաջ Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին։ Այդ մասին նշված է Բագրատ սրբազանի ֆեյսբուքյան էջում։
«Հոգևոր և բանտակից եղբայրները… Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին»,–նշված է լուսանկարներին կից գրառման մեջ։
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Սրբազանն այս ընթացքում ազատության մեջ է։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ապա 2026 թ. հունիսի 18–ին տեղի ունեցած դատական նիստին որոշում կայացվեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։