2021 թվականի գործից առաձնացված գործ է՝ «պահեստային տարբերակ՝ ինձ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար»․ Մամիկոն Ասլանյան

«Այդ  գործը 2021 թվականին իմ կալանավորման գործից առաձնացված գործ է՝ պահեստային տարբերակ ինձ վրա հավելյալ ճնշում գործադրելու համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով իր նկատմամբ հարուցված նոր վարույթի մասին։

«Այս գործն իմ մասին չի եղել, ուղղակի 2026 թվականին, երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, այդ գործը վերակենդանացվել է, և քննչական մարմինները հարկ են համարել այդ գործով ինձ որպես մեղադրյալ ներգրավել»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։

Խոսքը 2021 թվականից քննվող գործի մասին է, որից անջատված մասով նոր վարույթ է հարուցվել։ Հակակոռուպցիոն դատարանում Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ ևս մեկ գործ է քննվել, որը վերաբերում է նրա՝ Վանաձորի համայնքապետի պաշտոնավարման ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին։ Այս գործով Ասլանյանն առաջին ատյանում մեղավոր է ճանաչվել, սակայն դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Մամիկոն Ասլանյանը 2016- 2021 թվականը, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, «հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես, կազմակերպչական-տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին»:

Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։

«Ես ցուցունք չեմ տվել, իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ չբացակայելու արգելք և գրավ, շարունակել եմ իմ սովորական քաղաքական աշխատանքային գործունեությունս»,- ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով․ «Բնականաբար, իմ պարագայում ճնշումների միջոցով հնարավոր չէ մեղմել, ապրում եմ իմ կյանքով՝ իմ սկզբունքներին, գաղափարներին հավատարիմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment